Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Օգոստոսի 1-ի հանրահավաքը շրջադարձային նշանակություն կունենա Համաժողովրդական շարժման համար»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքում «հանդիսավոր արարողությամբ» շարժման մասնակից կուսակցությունների կորիզը ստորագրելու է Հայ ազգային կոնգրեսի ստեղծման հռչակագիրը:

Հարցին, թե քանի կուսակցություն է պատրաստվում ստորագրել հռչակագիրը, Զուրաբյանը արձագանքեց. - «Այս պահին շատ դժվար է կոնկրետ թիվը ասել, բայց նրանք, ովքեր կգան օգոստոսի 1-ի մեր հանրահավաքին, կկարողանան տեղում ծանոթանալ իրողությունը»:

Ի պատասխան դիտարկմանը, որ Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել հանրահավաքը Մատենադարանի մոտ, Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Մենք արդեն ընկալում ենք այդ որոշումները որպես ծաղր բանականության վրա: Հինգ ամիս շարունակ ոստիկանությունը կեղծ եզրակացություններ է ներկայացնում քաղաքապետարան` ասելով, որ իբր կան օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ իբր որոշ սադրիչներ կարող է խափանեն հասարակական կարգը: Այն, որ ոստիկանությունը 5 ամիս շարունակ չի կարողանում լուծել այդ հարցը, նշանակում է մեկ բան, որ ոստիկանությունը իրականում կեղծում է այդ տեղեկանքները»:

Նախորդ հանրահավաքների ժամանակ ոստիկանություն ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո թույլատրվել էր հանրահավաքների անցկացումը Մատենադարանի մոտ: Հարցին, թե այս անգա՞մ էլ նման հույս ունեն, Զուրաբյանը արձագանքեց. - «Մենք ընդամենը փորձելու ենք իրականացնել մեր սահմանադրական իրավունքը, եւ մենք կոչ ենք անում ոստիկանությանը, համագործակցելով շարժման ղեկավարների հետ, ապահովել հասարակական կարգը եւ օրինական ընթացքը ե’ւ հանրահավաքի, ե’ւ երթի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG