Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Կանխատեսելով, որ առաջիկա հանրահավաքին տեղի կունենա այն, ինչ միշտ, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Քաղաքական պրոցեսի մասնակիցները, անկախ նրանից, թե ով որ դերն է ստանձնել, գործում են խիստ կարծրատիպերի սահմաններում եւ դրսեւորում են միանգամայն ստանդարտ գործելաոճ: Եվ դա տեղի է ունենում 16 տարի շարունակ` ընդդիմության առաջին բազմահազարանոց միտինգները տեղի էին ունենում 1992-ի ամռանը: (Փակագծերում հարցնենք կայունության ներկայիս ջատագովներին, օրինակ` ՀՅԴ-ին` ինչո՞ւ էին նրանք պատերազմի թեժ պահին «ապակայունացնում ներքին իրավիճակը», «ո՞ւմ ջրաղացին էին ջուր լցնում»` այս արտահայտությունները ես վերցրել եմ իրենց այսօրվա բառապաշարից): Այո, իրավիճակի որոշակի «թարմությունը» նրանում է, որ դերերը ինչ-որ չափով փոխվել են. այն, ինչ նախորդ ընդդիմությունն ասում էր նախորդ իշխանության հասցեին, այժմ այդ նույն «նախկինները» ուղղում են ներկայիս իշխանության դեմ: Բայց բուն ասելիքը մնում է նույնը. իշխանությունները գող-ավազակ են, թալանում են երկիրը այնպես, որ շուտով այստեղ ոչ մի բան չի մնա, սիրահետում են թուրքերին, ուրանում են Ցեղասպանությունը եւ առեւտրի են հանել անմեղ նահատակների արյունը: Ընդդիմադիր թեզերի այդ մշտական կրկնությունը, երեւի, բնական է. միտինգային զանգվածը հենց դա է ուզում լսել»:

«Հայոց Աշխարհ»-ը հեգնում է. - «Լավ, էլ ինչ անի հանձնաժողովը, որ սրանք չդժգոհեն։ Ամեն շաբաթ պարտաճանաչորեն հանձնաժողովականները, խմբեր կազմած, այցելում են մեկուսարանները։ Ժամերով մնում են խցերում, կտրում են «քաղբանտարկյալների» եղունգները, լողացնում են, կուշտ կերակրում եւ հետո նոր միայն սկսում քաղցր-քաղցր զրուցել նրանց հետ։ Հետո վերադառնում են Ազգային ժողով եւ նիստի ընթացքում հերթով պատմում իրենց տեսածն ու լսածը։ «Քաղբանտարկյալների» ասածները հալած յուղի տեղ ընդունած, նրանց բողոքները մեկ առ մեկ փոխանցում են հանրությանը։ Ամեն այցից հետո անպայման հիշեցնում են, որ իրենք ու կալանվածները մանկության ու պատանեկության ընկերներ են եղել։ Դեռ վատառողջ «քաղբանտարկյալներին» հիվանդանոց չհասցրած, հանձնաժողովականները թանկարժեք «պերեդաչիներով» վազում են հիվանդասենյակ, նստում հիվանդների կողքին, չափում ջերմությունը, սիրտ տալիս ու աղոթագիրք կարդում սրանց համար։ Հետ են դառնում խորհրդարան ու վշտացած հրապարակում դիագնոզը, միաժամանակ հերթական դիմումն ուղարկում դատախազություն՝ պահանջելով անհապաղ փոխել թե՛ հիվանդների, թե՛ առողջների խափանման միջոցը։ Լավ, էլ ի՞նչ անեն այս մարդիկ»։

«Հայկական ժամանակ»-ը հրապարակել է հատվածներ «Վսյա Ռոսիա» ռուսաստանյան պարբերականի` Հայաստանին նվիրված հոդվածից, որում, մասնավորապես, ասվում է. - «Իշխող կոալիցիայի անդամներ Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը պարբերաբար հրապարակային խայթոցներ են փոխանակում: Բուն Հանրապետական կուսակցությունում աճում են «հին» եւ «նոր» առանցքային դեմքերի միջեւ հակասությունները: Շրջանառվում է խորհրդարանի խոսնակին փոխելու հարցը: «Օրինաց երկիր»-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը հազվադեպ հանդես են գալիս ոչինչ չնշանակող հայտարարություններով եւ ջանում են առանձնապես չմիջամտել: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի պահվածքը, որի ազդեցությունը բավականին մեծ է, եւ դատելով նրա «ռեպլիկներից» եւ ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող տեղեկություններից, նա ցանկանում է այս կամ այն կերպ վերադառնալ իշխանության»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG