Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի գործարարը փախստականի կարգավիճակ է ստացել Վրաստանում


Հայաստանցի գործարար, 54-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը, ով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից է եւ Հայաստանից հեռացել է մարտիմեկյանի իրադարձություններից հետո, փախստականի կարգավիճակ է ստացել Վրաստանում:

«Մարտի 6-ից Վրաստանում եմ գտնվում: Մարտի վերջին դիմել եմ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ… Հետո դիմեցի Վրաստանի փախստականների նախարարություն: Այս ամսվա 22-ին տվեցին որոշումը, որ տվել են փախստականի կարգավիճակ: Ես քաղաքական հայացքների համար եմ խնդրել պաշտպանել ինձ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Հովհաննիսյանը, ով 1998 թվականից օդորակիչների եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով ու սպասարկմամբ զբաղվող «Այգսերվիս» ընկերության փայատեր ու տնօրենն է:

Հովհաննիսյանը պատմեց, որ 1980-ականների վերջից ՀՀՇ-ի «ակտիվ անդամներից» է եղել. - «Իմ գործողությունները ակտիվացել են [2007 թվականի] սեպտեմբերի 21-ից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին»:

Նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Երեւանի Շենգավիթ համայնքի նախընտրական շտաբներից մեկը, ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին, Ազատության հրապարակում անցկացվող նստացույցին:

Բացատրելով, թե ինչու է մարտի 1-ից հետո որոշել հեռանալ Հայաստանից, Հովհաննիսյանը ասաց, թե ենթադրելի էր, որ «ընտրություններին ակտիվ մասնակցած անդամները անպայման ձերբակալվելու են կամ ուրիշ մեթոդներով պատժվելու են». - «Իմ դեպքում իրենք ընտրեցին տնտեսական լծակներով ճնշելը… Ձեռնարկություններս առանց այդ էլ տարեկան մի քանի անգամ ստուգվում էր մինչեւ այդ… Դեկտեմբերի վերջից ակնհայտորեն ճնշումը մեծացավ»:

Հովհաննիսյանն ասաց, որ իր ընտանիքի անդամները Հայաստանում են եւ հեռանալու մտադրություն չունեն:

«Ես էլ առաջին հնարավորության դեպքում անմիջապես կվերադառնամ Հայաստան», - եզրափակեց նա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG