Մատչելիության հղումներ

Ամփոփվեցին Համահայկական կրթական երրորդ համաժողովի արդյունքները


Կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը նշեց, որ այս տարի զգալիորեն ավելացել էր մասնակիցների թիվն ու ընդլայնվել աշխարհագրությունը:

«Մեզ համար շատ կարեւոր է սփյուքահայ ուսուցիչների վերապատրաստումը, ինչը կատարվում է ամեն տարի ամռանը մանկավարժական համալսարանում», - ավելացրեց Թադեւոսյան:

Կանադայի Տորոնտոյի հայկական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգար Շարապխանյանը ասաց, որ հայկական դպրոցներ հաճախող հազարավոր աշակերտներ միայն հայոց լեզուն եւ պատմությունն են անցնում հայերենով, մնացյալը դասավանդվում է անգլերենով:

«Մենք չունենք համապատասխան դասագրքեր, չկան տեղացի հեղինակներ: Կա ուսուցիչների խնդիր, քանի որ նրանք կանադացիներից շատ ավելի քիչ են վարձատրվում եւ աշխատելու համար մեր մանկավարժներին նվիրում է պետք», - ասաց Շարապխանյանը:

Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ջուլիետա Գիլամիրյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում մասնակիցները եկել են եզրահանգման, որ պետք է ստեղծվեն համահայկական գրքեր եւ ծրագրեր, որոնցից կկարողանան օգտվել տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները:

Համաժողովի ընթացքում բարձրացվել է նաեւ հեռավար ուսուցման խնդիրը, ինչը կապ կստեղծի Հայաստանի եւ սփյուռքի կրթօջախների միջեւ, նաեւ որոշվել է ստեղծել Ուսուցչի տուն, որը, ըստ համաժողովի մասնակիցների, կմիավորի բոլոր ուսուցիչներին:

Առաջարկությունների փաթեթն ուղարկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG