Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությանը: Այդ մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Ջորջ Բուշի վարչակազմի կողմից մարտին առաջադրված թեկնածության վերջնական հաստատման համար անհրաժեշտ է Սենատի լիագումար նիստի հավանությունը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Մարի Յովանովիչի հաստատման հարցով լսումները կայացել են հունիսի 19-ին: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ մի շարք սենատորների, այդ թվում` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի եւ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցերին ի պատասխան, դիվանագետը օգտագործել էր, մասնավորապես, հայերեն «Մեծ եղեռն» տերմինը, սակայն խուսափել էր «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելուց:

2006 թվականին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում են ժամանակավոր հավատարմատարները:

Ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Սենատոր Մենենդեսը ժամանակին երկու անգամ արգելափակել էր նախագահ Ջորջ Բուշի առաջարկած նախկին թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը, քանի որ Հոգլանդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական դիրքորոշում էր որդեգրել: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին Սպիտակ տունը պաշտոնապես հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG