Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Վեհաժողովի նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսին եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչին:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Իր գործունեության ընթացքում լորդ Ջոնսթոնը մշտապես վառ է պահել քաղաքական իմաստուն գործչի եւ մարդու իրավունքների պաշտպանի իր բարձր համարումը եւ մեծ նպաստ բերել Եվրոպայի խորհրդի կողմից դավանվող արժեքների տարածմանը: Մեծ է նրա ներդրումը հակամարտություններով բաժանված ժողովուրդների հաշտեցման եւ խաղաղության ուղիների որոնման գործում: Նրա նվիրվածությունը կշարունակի ոգեշնչել այդ բարձր առաքելությունն ստանձնած բոլոր քաղաքական գործիչներին»:

Լորդ Ռասել Ջոնսթոնը վախճանվել է կիրակի օրը` կյանքի 76-րդ տարում:

Բրիտանացի խորհրդարանականը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ էր 23 տարի, իսկ 1999 - 2002 թվականներին նախագահել է Վեհաժողովը: Նա ղեկավարում էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG