Մատչելիության հղումներ

Պարզվել է մարտի 1-2-ին հրազեն կիրառած անձանց ինքնությունը


Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարեց, որ պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնց կողմից մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հրազեն է կիրառվել: Անուններ, սակայն, Հարությունյանը չհրապարակեց` նախաքննության շահերից ելնելով:

Հարցին, թե կան արդյոք կալանավորվածներ, Հարությունյանը արձագանքեց. - «Հրազեն կիրառելը դեռեւս չի նշանակում հանցագործություն կատարել: Հրազենի կիրառումը, եթե կատարվում է հանցագործությունը կանխելու կամ այլ օրինաչափ նպատակով, բնական է, քրեորեն պատժելի չէ»:

«Սակայն միանշանակ դա չի նշանակում, որ մենք բացառում ենք, որ տեղի է ունեցել ոչ օրինաչափ կիրառում եւ այլն: Այսինքն, այդ մասով կատարվում է քննություն, եւ, բնականաբար, քննություն նպատակն է բացահայտել կիրառված հրազենի օրինաչափության խնդիրը, նպատակահարմարության խնդիրը, եւ տալ արդեն իրավական գնահատական կոնկրետ հրազեն կիրառող անձին: Դրանից հետ նոր կորոշվի նրա մեղավորության կամ անմեղության հարցը եւ, իհարկե, կալանավորման կամ չկալանավորման խնդիրը»:

Հարությունյանը ասաց, որ «հստակ թվերով» ունի տվյալները, թե քանիսն են այդ անձինք եւ կոնկրետ որ ստորաբաժանումների աշխատակիցներ են, սակայն, չի կարող դրանք հրապարակել` «նախաքննության շահերից ելնելով»:

«Բոլորի տվյալները հայտնի են, բոլորը հարցաքննված են եւ քննությունը շարունակվում է», - հավելեց Վահագն Հարությունյանը:

Պատասխանելով, հարցին, թե ինչ է արվել օմբուդսմեն Արմեն Հարությունյանի նամակի կապակցությամբ, որով վերջինս դիմել էր Հայաստանի ոստիկանապետին եւ Հատուկ քննչական ծառայության պետին քաղաքացի Գագիկ Ավդալյանի պնդումների կապակցությամբ, թե իրենից ֆիզիկական եւ հոգեկան ճնշումների միջոցով կեղծ ցուցմունքներ են կորզվել, մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ, Հարությունյանը ասաց. - «Մենք ծանուցագրով Ավդալյանին հրավիրել ենք քննչական ծառայություն` պարզաբանումներ ստանալու դիմումում նշված փաստերի վերաբերյալ»:

Նա հավելեց, որ «առ այս պահը ցուցմունքներ կորզելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը որեւէ տվյալի չի տիրապետում». - «Հատկանշական է հանգամանքը, որ Գագիկ Ավդալյանը հարցաքննվել է դեռեւս մարտի 2-ին, եւ դիմում է ներկայացնում հուլիս ամսին… Երեւի ինքը Ավդալյանը կպատասխանի հարցին, թե ինչու այսքան ժամանակ այդ կապակցությամբ հայտարարություններ չի արել»:

Հարությունյանը ասաց, որ Ավդալյանը հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել հուլիսի 30-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG