Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր պարտավորեցրեց «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկին` Մուրադ Բոջոլյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել անկախ հանձնաժողովին:

Բոջոլյանը ձերբակալվել էր 2002 թվականի հունվարի 26-ին` Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով, եւ դատարանի վճռով դատապարվել 10 տարվա ազատազրկման:

Հայաստանի առաջին նախագահի թարգմանիչ, թուրքագետ Մուրադ Բոջոլյանի հարազատները առաջին անգամ դիմել էին քրեակատարողական հիմնարկին այս տարվա փետրվարին, սակայն քրեակատարողական հիմնարկների վարչությունից պատասխանել էին, թե չեն կարող հանձնաժողովին ներկայացնել Բոջոլյանին վաղաժամկետ ազատելու միջնորդություն, քանի որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Երեք ամիս անց քրեակատարողական հիմնարկը դարձյալ մերժել էր հարցը ներկայացնել հանձնաժողովին:

Փաստաբան Արթուր Աթարբեկյանը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի որոշումը եւ պարտավորեցնել պատասխանողին միջնորդություն ներկայացնելու անկախ հանձնաժողովին Մուրադ Բոջոլյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ:

Դատական նիստն անցավ դռնփակ, քանի որ դատավոր Ռուբեն Ափինյանի խոսքով` «գործը գաղտնի նյութեր է պարունակում»: Որոշումը, այդուհանդերձ, հրապարակվեց դռնբաց:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG