Մատչելիության հղումներ

logo-print

Լուիս Մարիա դե Պուչ. «Խոստումներին պետք է հաջորդեն հստակ եւ կոնկրետ միջոցառումներ»


Հայաստանի իշխանությունները, այդ թվում երկրի նախագահը, արտահայտել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները ամբողջությամբ կատարելու քաղաքական կամք, սակայն այդ խոստումներին պետք է հաջորդեն հստակ եւ կոնկրետ միջոցառումներ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը` ամփոփելով անցած շաբաթ Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքները:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Լուիս Մարիա դե Պուչը հատկապես կարեւորել է մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ հետաքննությունը եւ դրանց կապակցությամբ կալանավորված անձանց ազատ արձակումը:

«Պետք է հստակ լինի, որ այդ իրադարձությունների կապակցությամբ մարդկանց ազատազրկումը` բացառությամբ նրանց, ովքեր բռնությամբ զուգորդված լուրջ հանցագործություններ են կատարել, անընդունելի է Վեհաժողովի համար», - հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահը: - «Հետեւաբար, ես իշխանություններին հորդորում եմ գործադրել իրենց հասանելի բոլոր միջոցները` այդ անձանց հնարավորինս շուտ ազատ արձակելու համար: Միայն այդ ճանապարհով կարող է ապահովվել հաշտության եւ երկխոսության գործընթացը»:

Հետընտրական իրադարձությունների անկախ հետաքննության առնչությամբ Լուիս Մարիա դե Պուչը շեշտել է, թե «հստակ է, որ առանց Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին պարոն Տեր-Պետրոսյանին սատարող ընդդիմության մասնակցության հանձնաժողովի գործունեությունը եւ եզրակացությունները չեն համապատասխանի Վեհաժողովի պահանջած` անկողմնակալության եւ հավաստիության չափանիշներին»: Հետեւաբար, համաձայն Եվրախորհրդի հաղորդագրության, «Վեհաժողովի նախագահը ամբողջությամբ սատարում է մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջարկները` մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող փաստերի վերհանման նպատակով ստեղծել հավասարության եւ կոնսենսուսի վրա հիմնված ու միջազգային փորձագետների ընդգրկող առանձին հանձնաժողով»: ԵԽԽՎ-ի նախագահը նշել է, որ այդ առաջարկները սկզբունքորեն ընդունելի են թե’ իշխանությունների եւ թե’ ընդդիմության համար:

Լուիս Մարիա դե Պուչը շեշտել է նաեւ, որ «Հայաստանի իշխանությունները չպետք է սպասեն մինչեւ հունվար` վերոհիշյալ ուղղություններով շոշափելի արդյունքների հասնելու համար». - «Կարեւոր է, որպեսզի իշխանությունները ձեռք բերված եւ անշրջելի առաջընթացի վերաբերյալ հստակ ուղերձ հղեն Վեհաժողովին մինչեւ Մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերյան նիստը, այլապես առկա է հետեւանքների վտանգ Վեհաժողովի աշնանային նստաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG