Մատչելիության հղումներ

«Ինչ-որ բաներ կատարվում են, նկատվում է դա, բայց իշխանության կողմից ձեռնարկված քայլերը համարժեք չեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի Հայաստանում», - հայտարարեց նախկին դաշնակցական, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս, «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով ներքաղաքական իրավիճակը:

Ավելին, ըստ նրա, «պետք է տագնապ հնչեցնել, որ ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով կարծես թե անուշադրության է մատնվել արտաքին քաղաքականությունը, որը վերջին 15-16 տարիների ընթացքում երբեք այնքան խեղճ, անկարող չէր եղել, ինչպես այսօր է»:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով` դա չեն գիտակցում ոչ իշխանությունը եւ ոչ էլ ընդդիմությունը. - «Իսկ առաջին հերթին պետք է իշխանությունը գիտակցի, որովհետեւ, անկախ այն բանից` ինչպիսի ձեւակերպումներ կտան, ինչ կասեն, ամեն դեպքում, միշտ իշխանությունն է պատասխանատու ամեն ինչի համար` որպես իշխանություն: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը դեկլարատիվ հայտարարությունից դուրս չի գնում քայլերի` իսկապես ազնիվ քաղաքական երկխոսություն ծավալելու համար: Ինչքան էլ հայտարարենք` «մենք չունենք քաղբանտարկյալներ», բայց չենք կարող երբեք, գոնե ես չեմ կարող դիտել, ասենք, թե [նախկին արտգործնախարար] Ալիկ Արզումանյանին կամ [Հայոց համազգային շարժման վարչության նախագահ] Արարատ Զուրաբյանին կամ էլի մի քանի հոգու բանտում պահելը քրեական հանցագործության հետ կապ ունի»:

«Մյուս կողմից, ընդդիմությունը, կարծես թե, պատրաստ է ամեն ինչի` օր, ժամ առաջ իշխանությունը վերցնելու, եւ այդ «ամեն ինչի» ասածը նաեւ ինչ-որ տեղ հակասության մեջ կարող է մտնել մեր պետության շահերի հետ», - շեշտեց Հակոբյանը` որպես օրինակ մատնանշելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությունը. - «Առավել քան համոզված եմ, որ նախաձեռնողները շատ լավ գիտեն, որ երբեք այդ հարցը վարույթ չի մտնելու, բացարձակապես ուշադրություն չեն դարձնի, գիտեն, թե ինչ ասել է Հաագայի դատարան, բայց` PR որպես կամ ժողովրդի էմոցիան գողանալու հնարավորություն է: Բայց ցավն այն է, որ առավել քան վստահ եմ, որ ինչ-որ պահի ադրբեջանական դիվանագիտությունը, քարոզչությունը կօգտվի սրանից»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG