Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը երեկ ուշ երեկոյան բոլորի համար անակնկալ այցելել են Հյուսիսային պողոտայում արդեն 24 օր տեւող նստացույցի մասնակիցներին: «Ավելորդ է նշել, թե այս այցն ինչ ոգեւորություն է առաջացրել ցուցարարների մոտ: Համաժողովրդական շարժման լիդերները զրուցել են մարդկանց հետ, հարցրել նրանց որպիսությունը: Չնայած նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը պողոտայում մնացել են շատ կարճ` 15 րոպե, սակայն բոլոր ներկաները արձանագրել են, որ նրանց տրամադրությունն ակնհայտորեն բարձր է եղել: Նստացույցի մասնակիցներն ինչպես այցը, այնպես էլ լիդերների բարձր տրամադրությունը կապել են օգոստոսի 1-ին կայանալիք հանրահավաքի հետ, ավելի ճիշտ` այն գործընթացներով, որ տեղի ունեցան հուլիսի 4-ի հանրահավաքից մինչեւ օգոստոսի 1-ին հայտարարված հանրահավաքն ընկած ժամանակահատվածում, ինչը հրապարակավ արձանագրվելու է հենց օգոստոսի 1-ին», - գրում է թերթը:

«Առավոտ»-ի հարցազրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասում է. - «ՀԺԿ-ի տեսակետը Հայ ազգային կոնգրեսի վերաբերյալ հայտնի է: Այն ընդունելի է որպես կուսակցությունների համատեղ գործունեությունը համակարգող մարմին, ֆորում, ուժերի համախմբումն ապահովող մի միջոց, որպես մի կառույց, որը կնպաստի ջանքերը համատեղելուն՝ կոնկրետ հարցեր լուծելու համար: Իհարկե, կուսակցությունները, որոնք մաս են կազմելու Կոնգրեսին՝ պահպանելու են իրենց լիակատար ինքնուրույնությունը, անկախ գործելու իրավունքը: Դարձյալ ընդգծեմ, որ ժամանակավրեպ է մեկ կուսակցության մեջ միավորվելու մասին խոսելը»:

«Գոլոս Արմենիի» թերթը, իր հերթին անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին միանալ-չմիանալու «Ժառանգություն» կուսակցության մոտեցումներին, ընդգծում է. - «Ժառանգություն»-ը ընկել է իր նախասիրած իրավիճակի մեջ` ո’չ այո, ո’չ էլ չէ»:

«Միակ ուժը, որ կարող է պայքարել այս կործանարար ռեժիմի դեմ, Համաժողովրդական շարժումն է, իսկ միակ զենքը, որով հնարավոր է պայքարել, ժողովրդի ակտիվությունն է», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Դրա համար էլ ռեժիմի համար Հյուսիսային պողոտայում հավաքված հարյուր ակտիվիստները շատ ավելի վտանգավոր են, քան Եվրախորհրդի հարյուր հատ կոշտ բանաձեւերը»:

«Հայրենի իշխանությունները նստել-մտածել եւ նորից որոշել են խաղի մեջ դնել այսպես կոչված «երրորդ ուժի» լեգենդը: Սրա հետեւանքը եղել է այն, որ վաղուց արդեն մոռացության մատնված որոշ քաղաքական ուժեր` իրենց մոռացված լիդերներով հանդերձ, հավաքվել եւ հայտարարել են իրենց «հայրենասիրական բեւեռի» ձեւավորման մասին» - գրում է «Հայկական ժամանակ»-ը, որի գնահատմամբ` «ամենազավեշտալին այն է, որ սույն քաղաքական թոշակառուները ոչ միայն միավորվել են, այլ նույնիսկ հայտարարել են, թե իրենք ներկայացնում են հասարակության ջախջախիչ մեծամասնությունը… Հիշեցնենք` «ջախջախիչ մեծամասնության» մասին խոսողները այն ուժերն են, որոնք անգամ պաշտոնական թվերով վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ, բոլորը միասին հավաքած, հազիվ երկու-երեք տոկոս քվե են ստացել»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է. - «Ընդամենը երրորդ խաղացողի հայտնվելը ընդունվում է սվիններով եւ անհանդուրժողականությամբ: Այս վերաբերմունքը նաեւ մաքսիմալիզմի դրսեւորման արդյունք է, բոլշեւիկյան «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» արտահայտության կենսագործում»:

«Իր պաշտոնավարման ավարտին՝ հրաժեշտի ասուլիսում, Ռոբերտ Քոչարյանը, հարցերին ի պատասխան, ընդունեց, որ թերեւս սխալվել է՝ անարձագանք թողնելով տարիներ շարունակ իրեն հասցեագրվող կեղծ մեղադրանքները, զրպարտանքները եւ բացահայտ ապատեղեկատվությունը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը, եւ, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի «հարձակումներին» [թերթի ձեւակերպումն է], Դավիթ Շահնազարյանի` Հաագային դատարան դիմելու «անհեթեթ նախաձեռնությանը» [դարձյալ թերթի ձեւակերպումն է], առաջարկում է. - «Ժամանակը չէ՞, որ նախկին նախագահը, թեկուզ ուշացումով, ուղղի սխալը՝ երկուսին էլ դատի տա։ Եթե ունեն առարկայական փաստեր, թող բարի լինեն հիմնավորել եւ ապացուցել իրենց «մեղադրանքները», հակառակ դեպքում՝ պատասխանատվության ենթարկվեն հրապարակավ զրպարտելու համար»։

«Ժամանակ Երեւան»-ը, գրելով Եղեգնաձորի դատարանում ընթացող Աղասի Մկրտչյանի դատավարության մասին, ներկայացնում է. - «Վայքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Աղասի Մկրտչյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Վայքի շտաբի պետը: Նա անազատության մեջ է մարտ ամսից, ձերբակալվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Երկու ամիս նրան անազատության մեջ պահելուց հետո մեղադրանքը չի հաստատվել, նրան այլ մեղադրանք է առաջադրվել` ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG