Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակը վատացել է: Այդ տեղեկությունը առավոտյան ստացել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության եւ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը, ով այսօր կայացած ասուլիսում իր մտահոգությունը հայտնեց այդ առնչությամբ:

Մինասյանի կարծիքով` ինչպես պատգամավորների, այնպես էլ շատ այլ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա. - «Ես գտնում եմ, որ խափանման միջոցը շատ հեշտությամբ կարելի է փոխել եւ իրականացնել նույն քրեադատավարական գործողությունները մարդկանց ազատության մեջ թողնելով»:

Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհանգստություն հայտնեց իր պաշտպանյալի առողջական վիճակով եւ փոխանցեց, որ այսօր միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին` նրան հիվանդանոց տեղափոխելու եւ խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Մելանյա Առուստամյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալը լուրջ հետազոտման եւ ստացիոնար բուժում ստանալու կարիք ունի: Փաստաբանը նաեւ վստահեցրեց, որ իր պաշտպանյալը քննությունից խուսափելու մտադրություն չունի:

Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ում անցյալ շաբաթ տեղափոխեցին քաղաքացիական բժշկական հաստատություն` հետազոտության նպատակով, դեռեւս բժիշկների հսկողության տակ է եւ ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում: Բժիշկների եզրակացությունը ստանալուն պես նախաքննության մարմինը որոշում կկայացնի` փոխե՞լ, թե՞ չփոխել Արարատ Զուրաբյանի խափանման միջոցը: Զուրաբյանի շահերի պաշտպաններն էլ միջնորդություն են ներկայացրել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, որի պատասխանը պետք է տրվի այս շաբաթվա առաջին կեսին:

Մյասնիկ Մալխասյանը եւ Արարատ Զուրաբյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225` «զանգվածային անկարգություններ», եւ 300` «պետական իշխանության յուրացում», հոդվածներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG