Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը եւ Գարեգին երկրորդը մեկնում են Ղրիմ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր կմեկնեն Ղրիմ` մասնակցելու հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հայաստանյան պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությանը, որը կկատարվի Վեհափառի ձեռամբ:

Սուրբ Խաչը միջնադարյան հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից է եւ ղրիմահայ գաղթօջախի հոգեւոր կենտրոնը, որը դարեր շարունակ եղել է տեղի աթոռակալ եպիսկոպոսների նստավայրը:

Ղրիմ այցի ընթացքում Սերժ Սարգսյանը զրույց կունենա Ուկրաինայի իր գործընկերոջ` Վիկտոր Յուշչենկոյի հետ: Երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ կստորագրվի մինչեւ 2012 թվականը համագործակցության վերաբերյալ պայմանագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG