Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի Սահմանադրական դատարանը անդրադառնում է իշխող կուսակցության գործին


Թուրքիայի Սահմանադրական դատարանում այսօր սկսվում են «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը օրենքից դուրս հայտարարելու հայցով լսումները: Հայցվոր կողմը պնդում է, որ «Արդարություն եւ զարգացում»-ը իրականացնում է գաղտնի իսլամական օրակարգ, որը կարող է խարխլել Քեմալ Աթաթուրքի ստեղծած հանրապետության աշխարհիկ հիմքերը:

Այս տարվա մարտի 14-ին հայցը ներկայացրած Թուրքիայի գլխավոր դատախազ Մուսթաֆա Օզիուրեքը պահանջում է ոչ միայն ապօրինի հայտարարել «Արդարություն եւ զարգացում»-ը, այլեւ 5 տարով արգելել կուսակցության առաջատար ակտիվիստների, այդ թվում վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլա Գյուլի քաղաքական գործունեությունը:

Սահմանադրական դատարանի անդամ Օսման Զանը, ով հատուկ զեկույց է պատրաստել այսօրվա լսումների համար, դեռ հուլիսի 17-ին ասել էր, թե չարժե արգելել կուսակցությունը: Թուրք քաղաքական վերլուծաբանները ենթադրում են, որ Զանի այդ մեկնաբանությունը վկայում է մեղմ վճիռ կայացնելու` դատարանի մտադրության մասին:

Անցած շաբաթ օրը վարչապետ Էրդողանը «Հուրիեթ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել, թե գուցեեւ ինքն անցյալում իսկապես սխալներ է գործել, սակայն հիմա, առաջին հերթին, անհրաժեշտ է երկրում վերականգնել համերաշխության եւ միասնության մթնոլորտը: Էրդողանն ասել է, թե ներկայիս անորոշ վիճակը վնաս է հասցնում Թուրքիային:

Ենթադրվում է, որ Սահմանադրական դատարանն արագ կհրապարակի որոշումը. դա կարող է տեղի ունենալ արդեն այսօր կամ առաջիկա օրերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG