Մատչելիության հղումներ

Արշակ Բանուչյանը ազատ արձակվեց


Այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը Հատուկ քննչական խմբի` երեկվա որոշմամբ փոխարինվել է բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությամբ:

Մատենադարանի փոխտնօրենը կալանավորվել էր մարտի 27-ին` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Բանուչյանին դիմավորելու էին եկել նրա ընտանիքի անդամները, բարեկամներն ու մտերիմները:

Կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Արշակ Բանուչյանը ասաց, որ առաջին հերթին գնալու է Հյուսիսային պողոտա` «շնորհակալություն հայտնելու»:

«Շատ կուզենամ, որ բոլոր քաղբանտարկյալները օր առաջ դուրս գան, որովհետեւ քաղբանտարկյալ ունենալը լարում է երկրի վիճակը», - շարունակեց նա:

Փետրվարին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Արշակ Բանուչյանը Մատենադարանի աշխատակիցների անունից Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարություն էր հրապարակել:

«Ես կուսակցական գործիչ չեմ եղել, քաղաքական գործիչ ինձ երբեւէ չեմ համարել», - այսօր ասաց նա: - «Իմ քաղաքացիական դիրքորոշման համար գտնվել եմ այստեղ… Եթե խորը նայես, ուրեմն այն մարդիկ, ովքեր քաղաքացիական որոշակի դիրքորոշում են ունեցել, որը ձեռք չի տվել իշխանություններին, պիտի ինձ հետ միասին այստեղ լինեին… Ազգի կեսը այստեղ պիտի լիներ… Անհեթեթություն է ամբողջը»:

Հատուկ քննչական ծառայությունը Բանուչյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու, ինչպես նաեւ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով:

Նրա շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանի վկայությամբ, մարտի 25-ից կալանավորված Արշակ Բանուչյանի նկատմամբ կոնկրետ քննչական գործողություններ չեն իրականացվել եւ իր պաշտպանյալը չորս ամիս շարունակ անհիմն մեղադրանքով գտնվում էր անազատության մեջ:

«Քրեական գործը, ըստ էության, անհեթեթություն է», - այսօր ասաց Բանուչյանը: - «Ես չգիտեմ, թե հիմա ինչ կարգավիճակում եմ… Ես հիշում եմ միայն, որ 4 ամսվա ընթացքում ինձ ասում էին` անուն տուր, դուրս արի… Իբր թե ինչ-որ մեկը ինձ գումար է տվել, որ ես կաշառք տամ: Չորս ամիս է, կաշառք ստացողներին են փնտրում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG