Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում տեղի կունենան Ադրբեջանի հարցով լսումներ


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է նաեւ որպես ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով, հուլիսի 29-ին քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ներկայիս վիճակը եւ այդ բնագավառում առաջխաղացմանը ուղղված ԱՄՆ - Ադրբեջան համագործակցության հնարավորությունները:

Քննարկումներին ընդառաջ հանձնաժողովի տարածած ուղերձում ասվում է, որ Ադրբեջանի տնտեսությունն աշխարհում ամենաարագ զարգացողներից մեկն է, երկիրն ունի կարեւոր դեր էներգակիրների մատակարարման հարցում, լավ հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ, սակայն մարդու իրավունքների բնագավառում ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանում նշում են բազում թերացումներ, այդ թվում մամուլի ազատության, քաղբանտարկյալների եւ ընտրությունների անցկացման հարցերում:
Ուղերձում նշվում է, որ այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում պետք է նախագահ ընտրեն, ինչն ընձեռում է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխանող ընտրություններ անցկացնելու եւ այլ բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն:

Լսումներին մասնակցելու են ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Դեյվիդ Քրամերը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան 3աշար Ալիեւը, Freedom House իրավապաշտպան կազմակերպության հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը եւ այլ բանախոսներ:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը ամերիկյան անկախ կառավարական գործակալություն է, որը ստեղծվել է 1976 թվականին եւ նպատակ ունի դիտարկել Հելսինկյան ակտի եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների կատարումը, նպաստել ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության մշակմանը: Հանձնաժողովն ունի 9-ական անդամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից եւ Սենատից, մեկական անդամ Պետդեպարտամենտից, պաշտպանության եւ առեւտրի նախարարություններից:

Հանձնաժողովի նախագահությունը հերթագայության կարգով իրականացնում են Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները:

Ներկայումս հանձնաժողովը նախագահում է կոնգրեսական Էլսի Հասթինգսը: Նրա նախագահությամբ այս տարվա ապրիլի 18-ին Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցան Հայաստանում հետընտրական զարգացումներին նվիրած լսումներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG