Մատչելիության հղումներ

Ալի Բաբաջան. «Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ երկխոսության մթնոլորտ ստեղծել»


Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը երեկ Նյու Յորքում կայացած ասուլիսում հայտարարել է, թե իր երկիրը «ցանկանում է Հայաստանի հետ երկխոսության մթնոլորտ ստեղծել»:

«Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը նամակներ են հղել իրենց հայաստանցի գործընկերներին Հայաստանում անցկացված վերջին ընտրություններից հետո, եւ այդ նամակների նպատակն էր` հայաստանյան նոր վարչակազմի հետ երկխոսության նոր դուռ բացել», - «Անատոլիա» գործակալության վկայությամբ` ասել է Բաբաջանը:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը երկու երկրների միջեւ հարաբերությունների վերականգնմանն ուղղված ջանքերի նշան է համարում թուրք եւ հայ պաշտոնյաների հանդիպումը, որը, ըստ թերթի, կայացել է Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում հուլիսի 8-ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված առաջարկներ հնչեցնելուց հետո:

Ալի Բաբաջանը վստահեցրել է, որ Թուրքիան ձգտում է խնդիրներ չունենալ հարեւանների հետ, եւ հավելել. - «Բնականաբար, մենք նաեւ ակնկալում ենք որոշ կոնկրետ քայլեր մյուս կողմից»:

Նշելով, թե հավատում է, որ Թուրքիայի խնդիրները կարող են լուծվել երկխոսության ճանապարհով, նախարարը շեշտել է 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու կարեւորությունը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG