Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Առճակատումը Հարավային Կովկասի հակամարտությունների գոտիներում ուժեղացել է»


«Առճակատումը Հարավային Կովկասի հակամարտությունների գոտիներում ուժեղացել է», - ընդգծել է Միջազգային ճգնաժամային խմբի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում:

Նշելով, որ հատկապես բարդ է իրավիճակը վրաց - աբխազական հակամարտության գոտում, նա հավելել է, թե «դա չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտությունը նվազ վտանգավոր է»:

Սաբինա Ֆրեյզերի խոսքերով, հակամարտությունների կողմերը ավելացնում են իրենց ռազմական բյուջեները, ինչը մեծացնում է ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը:

Լարվածության աճի պատճառները, ըստ նրա, տարբեր են: Մասնավորապես, հակամարտությունները ձգձգվում են արդեն տասը տարուց ավելի, եւ մարդիկ չեն հավատում խաղաղ կարգավորմանը կամ բանակցություններին, որոնք արդյունք չեն տալիս: Բացի այդ, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը զարգանում են, նրանց տնտեսությունները ամրապնդվում են, ինչը այդ պետություններին վստահություն է հաղորդում իրենց դիրքերը պաշտպանելիս:

Հարցին, թե տարածաշրջանի հակամարտություններից ո՞րը կարող է ավելի արագ կարգավորվել, Սաբինա Ֆրեյզերը պատասխանել է, որ բանակցությունները եւ գործընթացները ավելի ակտիվ են վրաց - աբխազական հակամարտության շուրջ` ղարաբաղյան հակամարտության համեմատ: Նրա կարծիքով` կարելի է Վրաստանի հաջողությունը համարել հակամարտության կարգավորման գործում Եվրամիության ներգրավումը, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափին` Ֆրեյզերը հնարավոր է համարել դրա փոփոխության շուրջ մտածելը: Տարբերակներից մեկը, ըստ նրա, Եվրամիության միջնորդական դերի մեծացումն է: Միաժամանակ, Սաբինա Ֆրեյզերը շեշտել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի ձեւաչափը, ապա պետք է փորձի ստանալ Հայաստանի համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG