Մատչելիության հղումներ

logo-print
Տասնյակ երկրների կառավարություններին, կազմակերպություններին եւ ընկերություններին խորհրդատվական ծառայություններ մատուցող «Մերքեր» հեղինակավոր գործակալության կողմից երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Մոսկվան:

Մոլորակի 143 քաղաքներում ապրելու արժեքի մասին «Մերքեր»-ի հրապարակած նոր զեկույցում երկրորդ տեղում Տոկիոն է, երրորդում` Լոնդոնը:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերում նույնպես մայրաքաղաքներ են՝ նորվեգական Օսլոն եւ հարավկորեական Սեուլը:

«Մերքեր»-ի փորձագետները բազմաթիվ ցուցիչներով են գնահատում ապրելու արժեքը` համեմատելով բնակարանների եւ տների վարձը, կոմունալ ծառայությունների, բենզինի, տրանսպորտի, պարենի, հագուստի գները, ինչպես նաեւ տվյալ քաղաքում առողջապահության եւ ազատ ժամանցի համար անհրաժեշտ գումարները:

Այս հետազոտությունները հաշվի առնելով են կառավարություններն ու ընկերությունները որոշում արտասահման գործուղվող պաշտոնյաների աշխատավարձերի եւ նպաստների չափը:

«Շուկայի ներկայիս պայմանները հանգեցրել են ամերիկյան դոլարի շեշտակի արժեզրկման եւ եվրոյի արժեւորման, ինչը էական ազդեցություն է գործել այս տարվա ցուցակի վրա», - ասել է «Մերքեր»-ի հետազոտական բաժնի տնօրեն Իվ Տրաբերը եւ հավելել. - «Թեպետեւ առաջին երկու տասնյակում ավանդաբար Արեւմտյան Եվրոպայի եւ Ասիայի քաղաքներն են, դրանց սկսում են աստիճանաբար մոտենալ Արեւելյան Եվրոպայի, Բրազիլիայի եւ Հնդկաստանի քաղաքները»:

Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգը 18-րդ տեղում է եւ առաջ է անցել 22-րդ տեղը գրաված Նյու 3որքից եւ դրան հաջորդող Ստամբուլից: Պրահան 29-րդն է, հայաշատ Լոս Անջելեսը` 55-րդը. այստեղ կյանքը ավելի էժան է, քան 42-րդ եւ 44-րդ տեղերում գտնվող Կիեւում եւ Ալմաթիում: Քաղաք-դքսություն Լյուքսեմբուրգը հաջորդում է Ուկրաինայի եւ նախորդում` Ղազախստանի մայրաքաղաքներին:

Անդրկովկասի երեք մայրաքաղաքները «Մերքեր»-ի զեկույցում չկան:

Իսկ աշխարհում ամենաէժան կյանքը Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում է, որի լրիվ անվանումն է Նուեստա Սինյորա Սանտա Մարիա դե Ասունսյոն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG