Մատչելիության հղումներ

Քրիսթոֆեր Ուոքեր. «Նախկին խորհրդային մի շարք երկրներում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է»


Նախկին խորհրդային մի շարք երկրներում մամուլի ազատության վերաբերյալ Freedom House-ի ուսումնասիրությունները բավական մռայլ պատկեր են ներկայացնում, եւ դրանց արդյունքները խիստ մտահոգիչ են: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է կազմակերպության հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ԱՊՀ-ի երկրներից 10-ում մամուլը գնահատվել է «ոչ ազատ», եւ միայն Վրաստանում եւ Ուկրաինայում է այն «մասամբ ազատ»:

«Իսկ ի՞նչ միջոցներ են կիրառվում նախկին խորհրդային երկրներում ազատ մամուլը ճնշելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` հեղինակավոր կազմակերպության փորձագետն ասել է. - «Գոյություն ունեն մամուլին ահաբեկելու մի շարք ձեւեր, որոնց վրա հիմնվում են բոլոր բռնապետական վարչախմբերը: Դա կարող է արտահայտվել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններով եւ դրա դիմաց անպատժելիությամբ, կամ էլ ավելի անտեսանելի` ինչպես, ասենք, Ռուսաստանում, որտեղ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները գնում են լրատվական դաշտում գործող ընկերությունները եւ դրանով իսկ իշխանության ղեկին կանգնած մարդկանց հնարավորություն տալիս վերահսկողություն տակ առնել խմբագրական աշխատանքը»:

«Այս երկրների մեծ մասում իշխանություններն ունեն ահռելի առավելություն իրավիճակը վերահսկելու հարցում` ի դեմս իրենց իսկ ենթարկվող դատավորների, ինչի արդյունքում զրպարտության մասին օրենքը օգտագործվում է լրագրողներին պատժելու եւ դատարանի առջեւ կանգնեցնելու համար», - հավելել է Քրիսթոֆեր Ուոքերը եւ ընդգծել. - «Առանց մամուլի ազատության դժվար է պատկերացնել, որ այս երկրների կառավարություններից որեւէ մեկը կարող է էական առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում կամ արդյունավետ կառավարման ոլորտում»:

Freedom House-ը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների թվում արդեն հինգերորդ տարին անընդմեջ դասում է նաեւ Հայաստանը, որտեղ, հեղինակավոր կազմակերպության դիտարկմամբ` «խոսքի ազատությունը օրենքներով երաշխավորված է, գործնականում` վտանգված»: Մամուլի ազատության վերաբերյալ վերջին տարեկան զեկույցի` Հայաստանին վերաբերող բաժնում Freedom House-ը փաստել է. - «Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կա’մ իշխանամետ քաղաքական գործիչները, կա’մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարները»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG