Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


ԵԽԽՎ-ի նախագահի այցին եւ Լուիս Մարիա դե Պուչի արդեն հրապարակած գնահատականներին է անդրադառնում նաեւ «Առավոտ»-ի խմբագրականը` մասնավորապես, գրելով. - «Եվրոպական կառույցը, որի անդամն է Հայաստանը, դժգոհ է մեր իշխանությունների ձեռնարկած քայլերից եւ չի բավարարվում ժողովրդավարության նկատմամբ «պլատոնիկ սիրո» հավաստիացումներով: Իսկ դժգոհության պատճառը մակերեսի վրա է. քաղբանտարկյալների մեծ մասը շարունակում է ազատազրկված մնալ, «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովը բաղկացած է բացառապես իշխանության ներկայացուցիչներից: Իհարկե, որոշ հանգամանքներում եվրոպացիները կարող են իրենց հայտնի կենդանու տեղ դնել: Բայց սա, հավանաբար, այդ դեպքը չէ»:

Անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայաստանյան այցելության օրերին անվտանgության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին, Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանին մեկուսարանից ազատ արձակելու որոշումներին` «Հրապարակ» թերթը գրում է. - «Սրանք [այս քայլերը] կարող են հասարակությանը ոգեւորել, բայց չեն կարող ԵԽԽՎ-ի նախագահի աչքերին «թող փչել»: Ի վերջո, այդ ազատությունները չափազանց հարաբերական են. ընդամենը խափանման միջոց կալանքը փոխարինվում է բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ»: Մեկնաբանի կարծիքով` եթե «10 օր, մեկ ամիս միջազգային կառույցները մեր կողմերը մարդ չուղարկեն, վատ-վատ զեկույցներ չկարդան մեր մասին, իշխանությունների առջեւ պահանջներ չներկայացնեն, ժողովուրդը պարզապես կհայտնվի մսաղացում». - «Սա նշանակում է, որ Եվրախորհուրդը մեզ համար դեռեւս Պոլիտբյուրո է, իսկ Կրեմլը` Կրեմլ: Եվ ո’չ ժողովուրդը կարող է առանց վերին ատյանի օրենք ու իրավունք հարգել, ո’չ իշխանությունը: Անպայման դրսից «քաղաքական ժամապահ» է պետք, եւ այդ մշակույթը ձեւավորում եւ զարգացնում են հպատակի հոգեբանությամբ իշխանավորները»:

Նույն թերթում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանը, գտնելով, թե «ընդդիմության հետ բանակցելու Սերժ Սարգսյանի ծրագրերը արմատապես փոխվել են», նշում է. - «Որովհետեւ իշխանությունները հավանաբար իրենք իրենց համոզեցին, որ Եվրախորհրդի հետ կարելի անվերջ նստել, խոսել, բանակցել եւ ժամանակ ձգել: Նրանք երեւի համարում են, որ իրենց 6 ամիս ժամանակ է տրված ոչ թե քայլեր անելու, այլ ժամանակ ձգելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ի մատուցմամբ` ԵԽԽՎ-ի նախագահի այցը Երեւան «ուղեկցվեց բազմաթիվ դասախոսություններով ժողովրդավարության մասին»: Ներկայացնելով իր տեսակետը` թերթը եզրահանգում է. - «Հայաստանի համար այսօր ազատությունը ժողովրդավարությունից կարեւոր է։ Այսինքն՝ պետք է պահպանվեն մարդու իրավունքները, ստեղծվեն հիանալի պայմաններ բիզնեսի համար, մշակվի գերազանց օրենսդրություն եւ այլն։ Հարստանալով` մարդիկ իրենք կպահանջեն ժողովրդավարություն, կառաջանա, եթե կարելի է այսպես արտահայտվել, դրա պահանջարկը»։

«Իրավունք»-ի մեկնաբանի կարծիքով, եթե նախագահի ծրագիրը անիրագործելի լինի, ապա նա չի կարող «ռեալիզացնել իր խոստումները». - «Այդ դեպքում ընդդիմությունը կունենար բոլոր հիմքերը որոշակի կտրուկ գործողությունների համար, առավել եւս, որ նման իրավիճակում հասարակությունը նախագահի կողմից տրված խոստումների եւ իրական արդյունքների տարբերության պատճառով գրեթե լիովին կանցներ ընդդիմության կողմը: Ինչո՞ւ 10 տարի լռող Տեր-Պետրոսյանը չկարողացավ սպասել եւս մեկ տարի, ժամկետ, որը լիովին բավարար էր հասարակության համար` համոզվելու` կատարո՞ւմ է նախագահը իր խոստումները, թե՞ ոչ… Ամբողջ ճշմարտությունը նրանում է, որ Տեր-Պետրոսյանը ամենեւին էլ չի կասկածում, որ նախագահը կկատարի հասարակության տված իր խոստումները»:

«Չորրորդ իշխանություն»-ը, անդրադառնալով Կարս - Ախալքալաք – Թբիլիսի երկաթուղու կառուցման մեկնարկին, գրում է. - «Եթե Հայաստանը իսկապես ուզում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա դրա համար ամենաանհարմար պահն է ընտրել: Դա վաղուց էր պետք անել, երբ այս երկաթուղու մասին խոսք անգամ չկար, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ թուրքերն էլ էին շահագրգռված, վրացիներն էլ: Հիմա արդեն այդ հարաբերությունների կարգավորումը մեզանից բացի որեւէ մեկին չի հետաքրքրում»:

Մարտի 1-ի դեպքերով դատախազության հարուցած գործով հետախուզման մեջ գտնվող «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը թերթի խմբագրականում հեգնում է. - «Դե գիտենք արդեն, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանի առողջապահական կենտրոն, Գյումրին` տարածաշրջանի մշակութային կենտրոն, Դիլիջանը` տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, աղետի գոտին վերականգնվում է արդեն երրորդր անգամ, երկրում քաղբանտարկյալներ չկան, մարտի 1-ի գործի նախաքննությունը նորմալ առաջ է գնում, Ղարաբաղի հարցում պրոբլեմ չունենք... ժողովրդին էլ որոշել են շշերով արդարություն բաժանեն, որովհետեւ ժողովուրդը արդարության ծարավ է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG