Մատչելիության հղումներ

Լուիս Մարիա դե Պուչ. «Եթե Հայաստանը չկատարի բանաձեւերի պահանջները, շատ արագ սանկցիաներ կկիրառվեն»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, ապա «սկանդալային իրավիճակ կստեղծվի», «Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում տեղի ունենալիք քննարկումները կարող են աղետալի լինել Հայաստանի համար» եւ «շատ արագ սանկցիաներ կկիրառվեն»:

Նա ասաց, որ այդ մասին խոսել է Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումներում:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ խնդիրը կարող է բարձրացվել արդեն հոկտեմբերին տեղի ունենալիք նստաշրջանում, ԵԽԽՎ-ի նախագահ դրական պատասխան տվեց` հավելելով, այդուհանդերձ, որ դա «կախված կլինի Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումից»:

Իսկ դիտարկմանը, թե մինչեւ սեպտեմբերի 11-ը [երբ նշանակված է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը] քիչ ժամանակ է մնացել, վեհաժողովի նախագահը հակադարձեց, թե Հայաստանը ժամանակ ունեցել է դեռ մարտ ամսից, իսկ հունիսյան նստաշրջանում Հայաստանին լրացուցիչ ժամանակ տալու որոշումը «ուղղակի բացառություն էր»:

«Հայաստանը չի կարող սպասել մինչեւ հունվար», - ասաց նա` հավելելով. - «Ավելին, մինչեւ հունվար հնարավոր է, որ արդեն որոշում կայացված լինի»:

ԵԽԽՎ-ի նախագահը ասաց նաեւ, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում անդրադարձել է նաեւ ընդդիմության հանրահավաքները շարունակաբար չարտոնելու խնդրին: Նրա համոզմամբ` ոչ թե օրենքն է վատը, այլ դրա կիրարկման պրակտիկան. - «Ես պահանջել եմ, որ պրակտիկան փոխվի»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին երեկ ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, քննարկվել է ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը:

Նշելով, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են երկու բանաձեւերն էլ, նախագահ Սարգսյանը վերահաստատել է դրանցից բխող դրույթների իրականացման գործում Հայաստանի վճռականությունը: Նա միաժամանակ ասել է, որ այդ դրույթներն արտացոլված են նաեւ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում եւ քաղաքական կոալիցիայի հուշագրում:

«Այնպես որ, այդ քայլերը մենք կատարում ենք ոչ թե պարտադրանքով, այլ` ներքին համոզմունքով», - ընդգծել է երկրի ղեկավարը:

«Լուիս Մարիա դե Պուչը խոսել է մարտի 1-2-ի դեպքերի անաչառ հետաքննության մասին: Նա իր համաձայնությունն է հայտնել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությանը», - ասված է հաղորդագրությունում:

ԵԽԽՎ-ի նախագահն արծարծել է անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը` նշել է, որ խոսքը չի վերաբերում բռնարարքներ կամ հանցանք կատարած մարդկանց:

Նախագահ Սարգսյանը բացառել է, որ որեւէ մեկը կարող է դատապարտվել առանց հիմնավոր ապացույցների եւ մեղադրանքի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG