Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունը


Այսօր կեսօրին Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկը:

Հարավային Կովկասը պատկերող հսկայական քարտեզի վրա երեք նախագահները մեկական փոքրիկ երկաթուղային ռելս են տեղադրել` պատկերելով այն ուղին, որը, հյուսիսից շրջանցելով Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կապելու է Թուրքայի արեւելյան շրջանների հետ:

Երկաթուղագծի շինարարության մասին եռակողմ համաձայնագիրը կնքվել է 2007 թվականի փետրվարին: Մինչեւ 2010 թվականը նախատեսվում է 105-կիլոմետրանոց նոր երկաթուղագիծ կառուցել, որից 29 կիլոմետրը` Վրաստանի, 76-ը` Թուրքիայի տարածքում: Բացի այդ, կողմերը նախատեսում են հիմնովին վերանորոգել խորհրդային տարիներին կառուցված Թբիլիսի - Մարաբդա - Ախալքալակ 183-կիլոմետրանոց երկաթուղին:

«Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը, օրինակ` Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարը, այս երկաթուղագիծը կարող են ռեգիոնալ համագործակցության լավ օրինակ ծառայել», - այսօր Կարսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նրա հավաստմամբ` «Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղագիծը Չինաստանն ու ողջ Հեռավոր Արեւելքը միացնելու է Արեւմտյան Եվրոպային»:

Գյուլն այս նախագիծը համեմատել է միջնադարյան «Մետաքսի ուղու» հետ` կառուցվող երկաթգիծն անվանելով «Մետաքսի երկաթուղի». - «Այն ժամանակ բեռները տեղափոխում էին կենդանիների քարավանները, այժմ էլ նույն ուղով երկաթգիծ է գործելու»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ անդրադարձել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությանը` այն բնորոշելով որպես աննախադեպ:

«Տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում նման սերտ եռակողմ համագործակցության որեւէ նախադեպ աշխարհում չկա», - հայտարարել է Արդբեջանի նախագահը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, թե Վրաստանի անկախության երաշխավորը Ադրբեջանն է: «Վերջին տարիներին Ադրբեջանն ամեն անգամ օգնության էր հասնում Վրաստանին, երբ մեր երկիրը հայտնվում էր ծանր պայմաններում: Այդպես էր, օրինակ, 2005-ի ձմռանը, երբ Վրաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի ճիրաններում», - ասել է Սահակաշվիլին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG