Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրախորհրդի պահանջներն արհամարհվում են»


«Իշխանություններն իրականում որեւէ նպատակ չունեն վերականգնել ժողովրդավարությունը Հայաստանում, իսկ Եվրոպայի խորհրդի պահանջներին վերաբերվում են արհամարհանքով», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման կենտրոնը:

«ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերը, անդրադառնալով երկխոսության անհրաժեշտությանը, հստակորեն շեշտում են «քաղաքական ուժերի միջեւ» երկխոսության կարեւորությունը՝ որպես քաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման հիմք: 1620 բանաձեւը ուղղակիորեն նշում է, որ «2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ընդդիմության կողմնակիցների կալանավորումը եւ նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռների արձակումը վիճահարույց հանգամանք կլինի, որը կշարունակի լարվածություն առաջացնել ընդդիմության եւ իշխանությունների միջեւ հարաբերություններում եւ կարող է խոչընդոտել Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումների շուրջ կառուցողական երկխոսության ծավալումը»: Մինչդեռ հուլիսի 21-ի իր ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նա չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ, եւ ոչ էլ պատրաստվում է բավարարել ընդդիմության, իսկ իրականում, ամբողջ հասարակության պահանջը` ազատել քաղբանտարկյալներին», - ընդգծում է կենտրոնը երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

Ըստ հայտարարության` նույնն է վիճակը նաեւ խոսքի եւ տեղեկատվության ազատության բնագավառում. մասնավորապես, եթե ապրիլի 17-ից մինչեւ հունիսի 25-ը` ԵԽԽՎ-ի երկու նստաշրջանների միջեւ ընկած ժամանակաշրջանում, հեռուստատեսությունները փորձել են համեմատական հավասարակշռություն ապահովել, ապա հունիսի 25-ից հետո վերադարձել են հին գործելակերպին, նորությունները չեն տարբերվում «բրեժնեւյան ոճի պրոպագանդայից»: Որեւէ քայլ չի արվել նաեւ «Ա1+»-ի վերաբացման ուղղությամբ:

Համաժողովրդական շարժման կենտրոնի պնդմամբ` «վարչախումբը չի կատարում 1620 բանաձեւի այն պահանջը, «որ Հայաստանում գործնականում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը» եւ իշխանությունները պետք է «երաշխավորեն, որ անհարկի սահմանափակումներ չկիրառվեն ընդդիմության կողմից կազմակերպվող հանրահավաքների վրա». - «Միակ արձանագրված «առաջընթացն» այն է, որ հունիսի 20-ի եւ հուլիսի 4-ի հանրահավաքները ոստիկանությունը սպառնաց ցրել «հատուկ միջոցների կիրառմամբ», սակայն չիրագործեց այդ սպառնալիքը»:

«Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան բողոքի եւ ընդվզման հզոր ալիք բարձրացնել իր ոտնահարված իրավունքների վերականգնման նպատակով», - ասված է Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG