Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գովեստով է խոսել Վազիանիի ռազմակայանում 1000 ամերիկացի, 600 վրացի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների զինվորականների մասնակցությամբ ընթացող «Անհապաղ արձագանք - 2008» զորավարժությունների մասին: Հայաստանի զինված ուժերից դրանց մասնակցում է 6 սպաներից բաղկացած խումբ` պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադից:

«Մեր բանակը թվաքանակով չի կարող մրցել որոշ այլ երկրների հետ, սակայն պատրաստվածության, ինտելեկտի, հանդերձանքի առումով պետք է ձգտենք լինել լավագույնը Կովկասում», - հայտարարել է Սահակաշվիլին:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ զորավարժությունները ամիսներ առաջ են ծրագրվել, մինչդեռ վերջին ժամանակաշրջանում խիստ սրվել է իրավիճակը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների գոտիներում: Այդ զարգացումների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի մտադրության համատեքստում Ռուսաստանում բացասական են գնահատում ընթացող զորավարժությունները:

Վրաստանն այսօրվա դրությամբ Իրաքում ունի շուրջ 2 հազար խաղաղապահ` ամերիկյան եւ բրիտանական ուժերից հետո երրորդ խոշոր ազգային խաղաղապահ զորամիավորումը:

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Բատու Կուտելիան երեկ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տեղեկացրել է, որ Վրաստանը սկսելու է աստիճանաբար դուրս բերել ուժերն Իրաքից, սակայն շարունակելու է ակտիվորեն մասնակցել խաղաղապահ առաքելություններին: Մինչեւ այս տարեվերջ շուրջ 500 զինծառայող կմեկնի Աֆղանստան:

Երեկ Հայաստանում սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում «Ռուբեժ - 2008» զորավարժությունները: Իսկ շաբաթներ անց Հայաստանում տեղի կունենան զորավարժություններ արդեն ՆԱՏՕ-ի հովանու ներքո:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG