Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Այն, որ երկուշաբթի օրը կայացած նախագահի ասուլիսին չէին հրավիրվել ընդդիմադիր թերթերի ներկայացուցիչները, մեղմ ասած, խելամիտ որոշում չէր: Եթե Սերժ Սարգսյանը իսկապես ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է, ապա այդ քաղաքացիների մեջ, անշուշտ, մտնում են նաեւ հիշյալ թերթերի բազմահազարանոց ընթերցողները, որոնք իրավունք ունեն առաջին ձեռքից իմանալու երկրի ղեկավարի ասածները, ինչպես նաեւ ստանալու այդ թերթերի լրագրողների կողմից հնչեցված հարցերի պատասխանները: Պետական մոտեցումը, կարծում եմ, բացառում է լրատվամիջոցներին «յուրայինների» եւ «օտարների» բաժանելը, եւ նախագահական նստավայրն այն տեղը չէ, որտեղ նման բաժանումներ պետք է կատարվեն», - գրում է «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը` հավելելով. - «Ուզում եմ անհամեստորեն հիշեցնել, որ երբ ես ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղարն էի, մտքովս անգամ չէր անցնի որեւէ ասուլիսի կամ բրիֆինգի չհրավիրել, ասենք, դաշնակցական ուղղվածության թերթերին, որոնք այն ժամանակ շատ ավելի ընդդիմադիր էին, քան այսօրվա ամենածայրահեղ արմատական լրատվամիջոցները»:

«Նախագահի 100 օրը» լայնածավալ հրապարակման մեջ «Ազգ»-ի մեկնաբանը «Հիմնական պրոբլեմները» շարքում թվարկում է. - «Տնտեսության առանձին ճյուղերը վերցնել օլիգարխներից, ինչպես Պուտինն արեց: Առնվազն՝ այստեղ վերաբաշխում եւ պետական հսկողություն է պետք: Գտնել աշխարհաքաղաքական նեգատիվ զարգացումների հակակշիռներ, տնտեսության զարգացումը շարունակելու ուղիներ: Հստակ, իրական, շոշափելի դարձնել եւ իրագործել բարեփոխումների երկրորդ փուլը: Դիմակայել ներքաղաքական ինտրիգներին: Աշնանը հնարավոր հարձակումը քաղաքական ուժերի կողմից հետ մղել եւ տանել ցանկալի հուն: Ղարաբաղի ծանր հարցի լուծումը ՀՀ երրորդ նախագահին է բաժին ընկել»: Անձնական հատկանիշների մասով էլ թերթը բնութագրում է. - «Այս 100 օրում իրականում դրսեւորվեց, որ որպես ղեկավար, աշխատանքների կազմակերպիչ նախագահը սրտաբաց է, բարյացակամ, խաղաղասեր, օրինապաշտ, ուղղամիտ: Նա ժողովրդի հետ խոսում է պարզ ու հասկանալի լեզվով: Աշխարհը դիտում է Սերժ Սարգսյանին որպես ստաբիլ, կանխատեսելի, փորձառու, ինտելիգենտ գործչի»:

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Սերժ Սարգսյանը իրավունք չունի մեր անունից բանակցելու Թուրքիայի նախագահի հետ, որովհետեւ չի ներկայացնում մեզ, չի ներկայացնում հաղթած Հայաստանը: Ղարաբաղի կռիվը պայքար էր հանուն ազատություն եւ արդարության: Երբ ասում ենք` պայքար մինչեւ վերջ, մենք նկատի ունենք, որ մեր տարած հաղթանակի արդյունքում պետք է ունենանք դրա պտուղը` ազատ ու արդար Հայաստան: Միայն այդ ժամանակ մենք կլինենք ուժեղ: Բայց այսօր թե’ սրա համար պայքարողները, թե’ Ղարաբաղի համար կռվածները Հայաստանի բանտերում են: Սերժ Սարգսյանը հաղթանակած ու այդ հաղթանակը ավարտին հասցնելու համար պայքարող Հայաստանը չի ներկայացնում. Սերժի ներկայացրածը նախնադարի ու միջնադարի արանքներում բրածոյացած մեր բդեշխներն են: Սերժը սրանց նախագահն է, ու մեկ էլ նախագահն է հայոց քաղքենու, որը թքած ունի թե’ Ղարաբաղի վրա, թե’ Հայաստանի վրա: Հենց այս քաղքենու անունից է Սերժ Սարգսյանը օկուպացրել Ազատության հրապարակը: Եթե օկուպացիան երկար շարունակվի, կսկսի գործել ստատուս քվոյի օրենքը` հօգուտ օկուպանտի, եւ Հայաստանը կմնա բդեշխներին ու բդեշխականներին: Ու ես կկորցնեմ իմ երկիրը, իմ սեփական երկրում ես կդառնամ օտար: Բայց ես մի անգամ երկիր կորցրել եմ ու երկրորդ անգամ կորցնել չեմ ուզում»:

«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով բնակչության կենսամակարդակի բարձրացման, միջին խավի ձեւավորման հարցերին, նկարագրում է. - «Երկրով մեկ հայտնվել են ապրանքներով լեցուն խանութներ, նորմալ հյուրանոցներ, կառուցվում են ժամանակակից, հարմարավետ տներ, երթեւեկում լավագույն մեքենաներով: Պատկերավոր ասած` այսօր Հայաստանն առայժմ փոքրիշատե արժանավայել կյանքի կետերի արշիպելագ է հիմնախնդիրների օվկիանոսում: Սակայն այդ արշիպելագի ընդարձակման եւ ի վերջո մայրցամաքի վերածման հնարավորություններ գոյություն ունեն եւ կարող են գործնականում իրականացվել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG