Մատչելիության հղումներ

logo-print

Գուրգեն Եղիազարյան.«Իշխանությունները պարզապես «գործ են սարքել» իմ եւ իմ ընկերների դեմ»


Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ով հետընտրական զարգացումների արդյունքում մոտ 4,5 ամիս անցկացնելուց հետո երկուշաբթի օրը, խափանման միջոցը փոխվելու կապակցությամբ, ազատ է արձակվել, իր խոսքերով` «շատ ընկճված է» դուրս եկել կալանավայրից, քանի որ այնտեղ են մնացել իր ընկերները:

«Մարտի 1-ի դեպքերի թե’ առավոտյան, թե’ երեկոյան ես եւ իմ ընկերներից ոչ մեկը ընդհանրապես ոչ մի կապ չենք ունեցել այդ ամեն ինչի հետ», - երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է գլխավոր դատախազի ցուցումով. կալանքը փոխարինվել է չբացակայելու մասին ստորագրությամբ: Եղիազարյանը մեղադրվում է «իշխանությունը յուրացնելու» եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների համար»:

Եղիազարյանի պնդմամբ` «իշխանությունը յուրացնելու» հոդվածով մեղադրվող անձանց գործերը ոչնչով չեն տարբերվում` նույն նախադասություններն են, նույն ձեւակերպումները: Նրա պնդմամբ` իր ու գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործերում «անգամ ստորակետներն են համընկնում», ինչը վկայում է, որ իշխանություններն իրենց դեմ պարզապես «գործ են սարքել», եւ դա արել են «մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը թաքցնելու նպատակով» եւ «մեղքը ընդդիմադիրների վրա բարդելու համար»:

«Այնտեղ [իրավապահ մարմիններում] կան հարյուրավոր կիլոմետրերով ուղղակի նկարահանված կադրեր, որոնք մենք չենք տեսնում եւ չենք էլ տեսնելու: Իրենք ցույց չեն տա, թե իրենք ոնց են մարդ սպանել: Եվ այդ ամբողջ սպանությունները պետք է մեկը կրեր... Խունտան որոշեց, որ դրանք մենք ենք... Անհիմն կալանավորեցին», - ասաց Եղիազարյանը` նաեւ վստահություն հայտնելով. - «Հերթով իմ ընկերները դուրս են գալու, քանի որ ապացույցներ չեն կարող լինել, որովհետեւ նման բան չի եղել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG