Մատչելիության հղումներ

Նախաքննական մարմինը «նպատակահարմար» չի գտնում փոխել կալանավորված պատգամավորների խափանման միջոցը


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Վահագն Հարությունյանի խոսքով, նախաքննական մարմինը «տվյալ փուլում գտնում է ոչ նպատակահարմար Ազգային ժողովի կալանավորված պատգամավորների նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունը»:

«Նախաքննության ներկա փուլում քրեական գործի օբյեկտիվությունն ապահովելու, քննությանը խոչընդոտելու հանգամանքը բացառելու, հասարակական վտանգավորությունը հաշվի առնելով եւ կալանավորման համար առկա մյուս հիմքերը... նախաքննության տվյալ փուլում կիրառված խափանման միջոցի փոփոխումը նախաքննական մարմինը գտնում է ոչ նպատակահարմար` գործի շահերից ելնելով», - հայտարարեց Հարությունյանը:

Ժամանակավոր հանձնաժողովում երեկ անդրադարձան հիմնականում կալանավորված երեք պատգամավորներին` Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին վերաբերող հարցերին:

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչն իրազեկեց, որ նախաքննություն շարունակվում է, որ «ձեռք են բերվում ապացույցներ, ստուգվում դրանց աղբյուրները, արժանահավատությունը». - «Բացի այդ, քրեական գործի նախաքննությունը չի նշանակում քննչական գործողություն միմիայն մեղադրյալի հետ: Քննությունը տեղում կանգնած չէ, կատարվում է բազմակողմանի քննություն, որի արդյունքում կկայացվի վերջնական եզրակացություն, երբ նախաքննական մարմինը կհամարի հավաքված ապացույցները բավարար անձին դատի տալու միջնորդությամբ դատարան դիմելու համար»:

Իսկ թե երբ կավարտեն երեք պատգամավորների մասով գործի քննությունը, Վահագն Հարությունյանը գերադասեց կանխատեսումներ չանել. - «Համենայն դեպս կարող եմ հավատացնել, որ նախաքննական մարմինը ամեն ինչ անում է այդ ժամկետը ավելի սեղմ դարձնելու համար»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG