Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Հանգիստ եմ վերաբերվում փաստին, որ Հայաստանում տեղի են ունենալու զորավարժություններ ՆԱՏՕ-ի հովանու ներքո»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «միանգամայն հանգիստ» է վերաբերվում փաստին, որ մի քանի շաբաթից Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

«Յուրաքանչյուր պետություն կարող է ինքնուրույն կառուցել իր հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դաշինքների հետ», - երեկ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացումից հետո լրագրողների հետ զրույցում հավելեց Բորդյուժան: - «Հայաստանը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է եւ որոշակի պարտավորություններ ունի»:

Նրա խոսքով, դա նորմալ է ցանկացած երկրի համար, մանավանդ` «կոմպլեմենտարությունը իր արտաքին քաղաքականություն հռչակած Հայաստանի». - «Ես որքան հասկանում եմ, սա համահունչ է այսօր Հայաստանի ղեկավարության հռչակած ռազմավարական ուղուն»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ «հավասարության նշան դնել չի կարելի»:

«Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկիր ենք, եւ այդ շրջանակներում անցկացնում ենք զորավարժություն: ՆԱՏՕ-ի հետ մենք համագործակցում ենք: Այս խոսքով էլ որոշվում է` որն է կարեւոր, որը` ոչ», - պարզաբանեց Օհանյանը:

«Ռուբեժ -2008» 10-օրյա համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները անցկացվելու են 4 փուլով: Զորավարժություններին մասնակցում են 1992 թվականին հիմնադրված ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները` 4 հազար զինծառայողներ, քաղաքացիական մասնագետներ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG