Մատչելիության հղումներ

Անդրանիկ Միրզոյանը հանձնարարականներ էր տվել Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի դատախազներին


Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը պատասխանել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նամակին, որում օմբուդսմենը հետաքրքրվել էր մարտի 5-ի քննչական հանձնարարականի հետ կապված հանգամանքներով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Հատուկ քննչական ծառայության պետը հուլիսի 21-ին օմբուդսմենին տեղեկացրել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 191 հոդվածի կարգով քննչական առանձին հանձնարարություններ են ուղարկվել Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի դատախազներին: Անդրանիկ Միրզոյանի կողմից ներկայացվել են նաեւ այդ հանձնարարությունների պատճենները:

Արմեն Հարությունյանը հուլիսի 8-ին սեփական նախաձեռնությամբ սկսել է Վայոց Ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանին Հատուկ քննչական ծառայության պետի կողմից տրված քննչական հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը: Անդրանիկ Միրզոյանին անցած շաբաթ հղած նամակում օմբուդսմենը հետաքրքրվել էր, թե նրա կողմից տրվե՞լ են արդյոք նմանատիպ հանձնարարություններ նաեւ այլ մարզերում, եւ առաջարկել տասնօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճենները: Հովհաննես Պալյանին Արմեն Հարությունյանը խնդրել էր նույն ժամկետում հայտնել, թե ինչպիսի գործողություններ են իրականացվել ի կատարումն այդ քննչական հանձնարարության:

Քննարկվող հարցի շրջանակներում օմբուդսմենը այսօր դիմել է նաեւ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի դատախազներին՝ ի կատարումն այդ քննչական հանձնարարությունների նրանց կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները Հատուկ քննչական ծառայության պետի հիշյալ հանձնարարականը համարում են ապօրինի փաստաթուղթ եւ պնդում, որ դրա հիման վրա ամբողջ երկրով մեկ ձեռնարկվել են ընդդիմության զանգվածային հալածանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG