Մատչելիության հղումներ

Հուլիսի 18-20-ը Վանաձորում անցկացված 14-րդ Գերագույն ժողովի ավարտին Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը ընտրել է նոր Գերագույն մարմին: Նորընտիր Գերագույն մարմինն իր առաջին նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Արմեն Ռուստամյանին:

Գերագույն մարմնում ընտրվել են նաեւ Արտյուշ Շահբազյանը, Գագիկ Գեւորգյանը, Թաթուլ Հարությունյանը, Իգոր Սարգսյանը, Հայրապետ Բաբայանը, Հրաչ Թադեւոսյանը, Հրայր Կարապետյանը, Միքայել Մանուկյանը, Մուշեղ Մանասյանը, Ռոմիկ Մանուկյանը, Ռուբեն Մարգարյանը, Սիմոն Սիմոնյանը, Վարդգես Աթոյանը, Վլադ Քոչունցը:

Գերագույն ժողովը նոր ձեւավորված կոալիցիային Դաշնակցության մաս կազմելու որոշումը գտել է արդարացված եւ արձանագրել, որ այդ մասնակցությունը պայմանավորված է Հայաստանում քաղաքական համակարգի բարեփոխման, ժողովրդավարության հետագա խորացման, հակակոռուպցիոն պայքարի ու տնտեսական մենաշնորհների վերացման, ինչպես եւ սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման ուղղությամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներով:

Քննելով մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը` Գերագույն ժողովը շեշտել է, որ այդ հանձնաժողովը պետք է հետապնդի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ամբողջական բացահայտումը եւ կարողանա արդարացնել եւ բավարարել հանրության սպասելիքները:

Ժողովը վերահաստատել է կուսակցության վճռականությունը Արցախի հիմնախնդրի հայանպաստ, արդարացի լուծման գործում:

Դաշնակցության մամլո հաղորդագրության համաձայն` ժողովը մեկ անգամ եւս ամրագրել է, որ անընդունելի են հայ - թուրքական հարաբերությունների հաստատման Թուրքիայի նախապայմանները, իսկ Ցեղասպանության փաստը չպետք է դառնա քննարկումների եւ սակարկությունների առարկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG