Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը


Այսօր Երեւան է ժամանում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը:

Վաղը Ազգային ժողովում նախատեսված են Լուիս Մարիա դե Պուչի հանդիպումները ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, «Ժառանգություն» խմբակցության, Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության, մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը նախատեսված է հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հանդիպումներ կլինեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հինգշաբթի օրը նախատեսված են ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Եվրախորհրդի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի նպատակն է Հայաստանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ համագործակցության խորացումը եւ աջակցությունը Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարմանը:

Հաշվի առնելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, Լուիս Մարիա դե Պուչը մտադիր է, մասնավորապես, գնահատել մարտի 1-2-ի իրադարձությունների քննության հավաստիությունը, հրատապ կերպով բարձրացնել այդ իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող անձանց հարցը, ինչպես նաեւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող քաղաքական իրադարձությունները:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ի նախագահի այցելության նպատակներից մեկը «ծանոթանալն է «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումներին տեղի ունեցած եւ տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ»: «Եվ նաեւ կարծում եմ եւ գրեթե համոզված եմ, որ մտահոգություններից մեկը [«Ժառանգություն» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ] Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կատարված քայլն էր, այն է` սեփական հայեցողությամբ քվեարկության իրավունքի կախակայումը մինչեւ 2009 թվականի հունվար: Ես կարծում եմ, որ եվրոպական մեր գործընկերները մտահոգված են ընդդիմության չմասնակցության խնդրով, դրդապատճառներով», - ասաց Ստեփան Սաֆարյանը:

Լուիս Մարիա դե Պուչը Երեւանից կմեկնի հուլիսի 25-ին:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` Եվրախորհրդի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG