Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը նկատում է. - «Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր երկխոսության անհրաժեշտության մասին, հայաստանյան հասարակությունը եւ միջազգային հանրությունը այդ երկխոսություն ասվածն ընկալում էին որպես երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ: Դա են վկայում ե’ւ ԵԽԽՎ-ի բանաձեւերը, ե’ւ համաժողովրդական շարժման ներկայացուցիչների արձագանքները այդ հրավերներին, ե’ւ կոալիցիայի ներկայացուցիչների` ընդդիմությանն ուղղվա կշտամբանքները, թե` դուք ձեռք չեք մեկնում նախագահի առաջարկին… Երեկ` իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Սերժ Սարգսյանը յուրովի մեկնաբանեց երկխոսության վերաբերյալ իր հայտարարությունը»:

«Հրապարակ»-ի կարծիքով` գնալով ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ «երկխոսության բուն առարկան նախագահի աթոռն է, ինչը ինքնին բացառում է երկխոսությունը»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե երկխոսություն ասելով, ինքը նկատի ունի «երկխոսություն ժողովրդի հետ», «երկխոսություն հասարակության ներսում», «երկխոսություն պետություն-հասարակություն ֆորմատով» եւ ոչ թե «երկխոսություն Հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ», «Հայք»-ը առաջարկում է. - «Եթե Սարգսյանը չի ուզում երկխոսել որեւէ անհատի հետ, այլ ցանկանում է երկխոսել հասարակության հետ, ապա նա չպետք է բաց թողնի օգոստոսի 1-ին կայանալիք հանրահավաքի մասնակիցների հետ երկխոսելու պատեհ առիթը: Ժողովուրդը պատրաստ է կանգնել երես առ երես եւ լսել Սերժ Սարգսյանին: Ժողովրդի հետ հենց այսպես պետք է երկխոսել եւ ոչ թե թաքնվել երկնագույն էկրանի ետեւում եւ կարդալ վաղօրոք մշակված տեքստեր»:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ասում է. - «Օգոստոսի 1-ի հանրահավաքի գլխավոր կարգախոսը կդառնա Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե իշխանությունները չեն գնում քաղաքակիրթ լուծումների` այս քաղաքական խորը ճգնաժամը վերացնելու նպատակով, ապա մենք երկրում պետք է իրականացնենք թավշյա հեղափոխություն»: Սերժ Սարգսյանին շանս տալու վերաբերյալ հարցին էլ Լեւոն Զուրաբյանը պատասխանում է. - «Մենք իսկապես Սերժ Սարգսյանին շանս տվեցինք: Մենք իսկապես պատրաստ էինք քաղաքական պայքարի կոշտությունը հանել, եթե Սերժ Սարգսյանի կողմից տեսնեինք քաղաքական ճգնաժամը լուծելու անկեղծ մտադրություն: Առաջին հերթին դա վերաբերում էր քաղբանտարկյալների ազատմանը: Եթե նա նման քայլ աներ, կարծում եմ, այսօր շուրջօրյա բողոքի ակցիաներ չէին լինի Երեւանի փողոցներում, եւ մենք այդքան կոշտ չէինք դնի արտահերթ նախագահական ընտրությունների հարցը»:

«Չորրորդ իշխանության» ընկալմամբ, Սերժ Սարգսյանի շեշտադրումները «ակնհայտորեն փոքր-ինչ փոխվել էին». - «Ըստ երեւույթին, Քոչարյանի ցույց տված դեղին քարտն այնուամենայնիվ թողել էր իր ազդեցությունը, եւ Սերժ Սարգսյանը երեկ ավելի կոշտ բաներ էր ասում»: Թերթի մեկնաբանի կարծիքով, Սարգսյանի հիմնական ասելիքը հետեւյալն էր. - «Առաջին, ինքը խորհրդարանում մեծամասնություն ունի, դրանից ավելին իրեն պետք չէ, եւ ինքը չի պատրաստվում երկխոսություն սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Երկրորդ, ինքը չի պատրաստվում «մի զանգով» ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ գտնում է, որ նրանք պիտի խիստ պատիժ կրեն: Երրորդ, հեչ պարտադիչ չէ, որ Հայաստանը մինչեւ հունվար կատարի ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները: Եվ եթե Հայաստանը ժամկետների մեջ չտեղավորվի, «ջրհեղեղ» չի լինի»:

«Գոլոս Արմենիի» թերթի կարծիքով` «ժամանակն աշխատում է Լեւոնի դեմ». - «Մարդիկ տեսնում են նոր իշխանությունների ջանքերը, որ արվում է կոռուպցիան հաղթահարելու, օրինականություն, կարգ ու կանոն հաստատելու համար: Բողոքավոր հանրությունը աստիճանաբար ձերբազատվում է տոտալ ատելության սինդրոմից եւ սկսում է հասկանալ, որ «Համաժողովրդական շարժում» ցուցանակի ներքո գործում են հհշական ռեւանշինստական ուժերը: Որ այդ ուժերը ուրիշ ոչինչ, բացի նոր անկայությունից, առաջարկել չեն կարող: Իսկ իշխանությունն արդեն ցույց է տվել, որ կարող է շտկել իրավիճակը: Որքան նկատելի են այդ արդյունքները, այնքան քիչ են Լեւոնի շանսերը անկայունություն ալիքով հասնել հաջողության»:

«Անկախ կարծիք» վերնագրի ներքո «Առավոտ»-ի խմբագրականում նշված է. - «Հայաստանում կան մարդկանց խմբեր, որոնք հստակ քաղաքական կողմնորոշում ունեն: Մի խումբը վստահ է, որ ներկայիս իշխանավորները սատանայական չարիքի մարմնավորում են, եւ նրանց հեռանալուց հետո ավազակապետական բուրգը կկազմաքանդվի, ավգյան ախոռները կմաքրվեն եւ բոլոր մոնղոլները ինչ-որ հրաշքով հայ կդառնան: Մյուս՝ ավելի փոքրաթիվ խումբը կարծում է, որ երկիրը իշխանությունների իմաստուն ղեկավարության ներքո անշեղորեն գնում է բարգավաճման եւ զարգացման ուղղությամբ, եւ միակ խանգարողը չարամիտ, ապազգային, միջազգային ուժային կենտրոններից սնվող ընդդիմությունն է, որի վերանալու դեպքում մեր կյանքն աստիճանաբար կվերածվի լիակատար դրախտի: Այդ երկու տեսակետներն էլ հարգանքի են արժանի: Բայց նման դիրքորոշումներ ունեցողները պետք է ընդունեն, որ Հայաստանում կարող են լինել քաղաքացիներ, որոնք երկուսի հետ էլ հավասարապես համաձայն չեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG