Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Երկխոսությունը պետք է լինի պետություն-հասարակություն ֆորմատով»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց երկխոսության վերաբերյալ իր պատկերացումները:

«Երբ ես ասում եմ երկխոսություն, ես նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, ես նկատի ունեմ երկխոսություն հասարակության ներսում, ես նկատի ունեմ երկխոսություն պետություն - հասարակություն ֆորմատով, եւ ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ», - պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության հնարավորությանը վերաբերող հարցին, ասաց Սերժ Սարգսյանը` այդուհանդերձ, ավելացնելով. - «Ընդհանրապես համարում եմ, որ այդպիսի պրոցեսները շարունակական պետք է լինեն, եւ երբեք մենք չպիտի համարենք, թե երկխոսության որեւէ ֆորմատ ուշացած է»:

Լրագրողների հիշեցմանը, թե Տեր-Պետրոսյանը երկխոսության նախապայման է առաջադրում «քաղբանտարկյալների» ազատ արձակումը, նախագահը արձագանքեց. - «Ինչի՞ մասին մենք պիտի երկխոսենք: Եթե մարդկանց [ընդդիմության] պահանջը, եթե մարդկանց նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է, ինչի՞ մասին մենք պիտի երկխոսենք. թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները... Ես արդեն հոգնել եմ ընտրություններից»:

«Ինչ վերաբերում է նրան, թե մի զանգով կարելի է տասնյակ մարդկանց ազատ արձակել, ապա ես սովոր չեմ այդպես աշխատել, եւ դա շատ վատ գայթակղություն է», - շարունակեց Սերժ Սարգսյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատ արձակելը նշանակում է նաեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատազրկել»:

Հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկություններն այն մասին, որ երկիրը իրականում ղեկավարում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Պետության կառավարումը դա բիզնեսի կառավարում չէ, որտեղ հնարավոր է գործադիր տնօրենի նշանակում, իսկ սեփականության իրավունքները կարելի է պահել եւ ղեկավարել այդ բիզնեսը: Իսկ որոշումներ կայացնելիս, անշուշտ, ես խորհրդակցում եմ ինչպես Քոչարյանի, այնպես էլ իմ կոալիցիոն գործընկերների հետ, խորհրդակցում եմ մասնագետների հետ: Սա է իմ աշխատաոճը... Բայց իմ որոշումների պատասխանատուն ես եմ»:

Նախագահը հերքեց նաեւ մամուլի այն հրապարակումները, թե լուրջ տարաձայնություններ կան իր եւ նախկին նախագահ Քոչարյանի միջեւ, մասնավորապես, թե` Քոչարյանը քննադատել է Սարգսյանին Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու համար:

«Ես կարծում եմ, որ Քոչարյանի հայտարարությունը իր մեջ բացարձակապես որեւէ քննադատություն չի պարունակում: Ուղղակի նախագահ Քոչարյանը իր անհամաձայնությունն է հայտնել իմ կոնկրետ քայլի նկատմամբ», - ասաց նախագահ Սարգսյանը: - «Նախկինում էլ բոլոր հարցերում չէ, որ մենք միակարծիք ենք եղել»:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը ասաց. - «Կարեւորը այն է, որ ե’ւ մեր, ե’ւ թուրքական հասարակությունում նշմարվում են մեր պրոբլեմների առողջ քննարկման միտումներ: Եվ ես վստահ եմ, որ նախագահ Գյուլի այցը Հայաստան այս դրական միտումները կարող է վերածել լավ, կայուն շարժման»:

«Ես համարում եմ, որ ե’ւ Հայաստանում, ե’ւ Թուրքիայում մեր հարաբերությունների բարելավման կողմնակիցները շատ ավելին են, քան դեմերը», - հավելեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG