Մատչելիության հղումներ

Փոխվել է Գուրգեն Եղիազարյանի խափանման միջոցը


Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօր փոխվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եզիազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը փոխարինվել է չբացակայելու մասին ստորագրությամբ:

Գուրգեն Եղիազարյանը կալանավորվել էր անցած մարտի սկզբին:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է նաեւ, որ Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 16 մեղադրյալ, եւս 7 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց:

Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 82 քրեական գործ 95 անձի վերաբերյալ, որոնցից 62-ով՝ 71 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է:

Նշված 71 անձանցից 5-ը արդարացվել են, 30-ը՝ դատապարտվել ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 32-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG