Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը դիմելու են Եվրադատարան


Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը մինչեւ ընթացիկ շաբաթավերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու իր պաշտպանյալների հայցը:

Սա արդեն Եվրադատարան գնացող երկրորդ դիմումն է եւ, ինչպես վկայեցին հետընտրական շրջանում կալանավորված քաղաքական մի շարք գործիչների փաստաբանները, իրենք եւս առաջիկա օրերին դիմումներ ուղարկելու են Եվրադատարան:

Այս փուլում բոլորի դիմումների մեխը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածում ամրագրված` ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումն է:

Ըստ Առուստամյանի` իր երկու պաշտպանյալներն էլ «առանց հիմնավոր մեղադրանքի» անազատության մեջ են գտնվում:

Ի դեպ, այս հարցին անդրադարձել եւ մտահոգություն էին հայտնել թե’ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը, թե’ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

«Մինչ օրս փաստորեն մեղադրանքը չի հստակեցվել», - այսօր էլ պնդեց Մելանյա Առուստամյանը: - «Իմ երկու պաշտպանյալներին չի ասվում, թե ինչի համար են մեղադրվում»:

Հիմնավոր ապացույցներ ներկայացված չեն նաեւ, թե ինչու պետք է պատգամավորները անազատության մեջ պահվեն: Պարզապես նշված է, ըստ փաստաբանի, որ ազատության մեջ «նրանք կարող են խոչընդոտել քննությանը»:

Ի դեպ, հարցին վերջերս անդրադարձել եւ մտահոգություն էր հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւ, ինչպես հայտնի դարձավ այսօր, Արմեն Հարությունյանը նորից նամակ է ուղարկել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին` կցելով նաեւ Հատուկ քննչական ծառայությունից ստացված` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու եւ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունները, ինչպես նաեւ այդ միջնորդությունների քննության վերաբերյալ դատարանների որոշումները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG