Մատչելիության հղումներ

Ձեւավորվելիք Ազգային կոնգրեսին միանալու հարցում «Ժառանգություն»-ը վերջնականապես կկողմնորոշվի հուլիսի 24-ին


Հայաստանյան միակ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես երկուշաբթի օրը հայտարարեցին կուսակցության ներկայացուցիչները, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Ազգային կոնգրեսին միանալ-չմիանալու հարցի շուրջ վերջնական որոշումը կընդունի հուլիսի 24-ին կայանալիք վարչության նիստում:

«Մենք պաշտոնական նամակ ենք ստացել Ազգային կոնգրեսի նախաձեռնող խմբից: Վարչությունում հարցը քննարկվել է եւ ստեղծվել է հանձնախումբ, որպեսզի այն կարողանա մի շարք հարցեր պարզաբանել եւ հստակեցնել նախաձեռնող խմբի հետ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը:

Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մասնավորեցրեց, որ ստեղծված խումբը որոշ մանրամասներ պետք է ճշտի Կոնգրեսի կառուցվածքի, այլ տեխնիկական խնդիրների մասին:

«Որոշ կարծիքներ կան, որ չմիանալը նույնիսկ ավելի օգտակար կլինի թե’ Համաժողովրդական շարժման համար, որը կարող է վերաճել Կոնգրեսի, եւ թե’ «Ժառանգության» գործունեության հետագա արդյունավետության համար, ճկունությունը պահպանելու համար», - հավելեց Խուրշուդյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր վերահնչեցրեցին իրենց դիրքորոշումը, որ «աննպատակահարմար են գտնում մասնակցել մարտի 1-ի դեպքերը քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ մերժվել են հանձնաժողովում Ազգային ժողովի կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին ներգրավելու, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմում ընդդիմության եւ իշխանություն հավասարապես ներկայացված լինելու վերաբերյալ առաջարկները:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG