Մատչելիության հղումներ

Վրաց իրավապաշտպանները «ցինիկ» են որակել պատգամավորների վերաբերմունքը օմբուդսմենի զեկույցի նկատմամբ


Վրաց լրագրողները եւ իրավապաշտպանները բաց նամակ են հղել խորհրդարանականներին` մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցի նկատմամբ պատգամավորների վերաբերմունքը որակելով «ցինիկ»:

«Մենք անհանգստացած ենք, որ օրենսդիրը նման ցինիկ վերաբերմունք ունի ժողովրդավարության նկատմամբ: Խորհրդարանում լսումների ժամանակ մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչների ելույթները ցույց տվեցին, որ օմբուդսմենի վկայակոչած փաստերը չեն ուսումնասիրվելու, չի դրվելու մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը եւ նրանք անպատիժ շարունակելու են իրենց գործունեությունը», - նշված է բաց նամակում, որը ստորագրել են 36 լրագրողներ եւ իրավապաշտպաններ:

2007 թվականին երկրում մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերն ամփոփող ծավալուն զեկույցը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին խորհրդարանին անցած շաբաթ էր ներկայացրել` եզրակացնելով, որ «վիճակը մտահոգիչ է»: Ի պատասխան խորհրդարանական մեծամասնությունը հայտարարեց, որ զեկույցը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, որ օմբուդսմենը լիարժեք չի տիրապետում փաստերին եւ փաստաթղթում զգացվում են նրա ընդդիմադիր հայացքները:

Սոզար Սուբարիի զեկույցի հիմնական մասը նվիրված է լրատվամիջոցների ազատությանը եւ հավաքների անցկացման սահմանափակումներին:

«Նոյեմբերյան բախումները ցույց տվեցին, որ իշխանությունները չեն հանդուրժում բազմամարդ հանրահավաքներ: Այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած իրավապահները», - նշել է Սուբարին` ընդգծելով, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ թե հրաման կատարած զինվորները, այլեւ հրաման արձակողները` ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները` նախարար Վանո Մերաբիշվիլիի գլխավորությամբ:

«Ցույցը ցրելու ժամանակ ռետինե փամփուշտների օգտագործումը ապօրինի է եղել», - պնդում է մարդու իրավունքների պաշտպանը` փաստարկելով, թե «Ոստիկանության մասին» օրենքը թույլ է տալիս որպես հատուկ միջոցներ օգտագործել «միայն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե մահակներ», եւ ոչ` ռետինե փամփուշտներ:

Պատգամավորներին դուր չէր եկել նաեւ Սոզար Սուբարիի այն դիտարկումը, թե զանգվածային լրատվամիջոցների ազատության վիճակը վատացել է: Զեկույցում առաջ է քաշված ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերության հետ կատարվածը, որը նույն դեպքերի ժամանակ փակվեց, հատուկ ջոկատայինները մտան, ջարդուփշուր արեցին տեխնիկան, եւ հեռուստաընկերության տարածքից դուրս սկսեցին հետապնդել են լրագրողներին: Օմբուդսմենը փաստում է, որ ոչ ոք մինչեւ օրս պատասխանատվության չի ենթարկվել այդ բռնությունների համար:

Սոզար Սուբարին իր այս զեկույցում առաջ է քաշել նաեւ Վրաստանի տարածքում հայկական մի քանի եկեղեցիների շուրջ առաջացած տարաձայնութունների հարցը` ընդգծելով, որ այս թեմաների լուսաբանման ժամանակ վրացական լրատվամիջոցներում նկատվել են «ազգայնականության դրսեւորումներ»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG