Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Պետք է տրամադրվենք մեծ փոփոխությունների»


«Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են», - ասված է պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում, որ տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Ասվածը, ըստ երկրի ղեկավարի, վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին` ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդյունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին. - «Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել։ Մյուսներում փոփոխությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս»:

«Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք», - գրում է Սերժ Սարգսյանը եւ հավաստիացնում, որ ցանկանում է «օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները»։

«Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ», - վստահեցնում է նախագահը:

Համոզմունք հայտնելով, որ «քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացիները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկեցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը», Սերժ Սարգսյանը հավելում է. - «Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց։ Այդ մարդը Հայաստանի քաղաքացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՛ իր բարոյական նկարագրով, թե՛ օրինապաշտությամբ»:

«Մենք, որպես հասարակություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխությունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջացման ողջ ուղին՝ ախտաճանաչումից մինչեւ ապաքինում», - ասված է նախագահի ուղերձում: - «Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը»։

«Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները։ Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզնից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են։ Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգացած ու ուժեղ Հայաստանում: Այդ Հայաստանը կերտելու ենք միասին», - իր ուղերձն ամփոփում է Սերժ Սարգսյանը:

Իշխանական կոալիցիայի ուժերը դրական են գնահատում նախագահի պաշտոնավարման առաջին 100 օրը:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով, Սերժ Սարգսյանի գործունեությունը իրենց «հույս է ներշնչել, որ նախագահն իսկապես երկրում բարեփոխումների իրականացնելու համար քաղաքական կամք ունի»:

«Բնական է, որ դեռ շատ բան կա անելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Ռուստամյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքով, դրական են կատարված կադրային փոփոխությունները, հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կատարված քայլերը:

Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հետեւյալ կերպ գնահատեց Սերժ Սարգսյանի նախագահության 100 օրը` «փոքր քայլերի եւ փոքր համարձակության շրջան»:

«Այս հարյուր օրվա ընթացքում չհաջողվեց հաղթահարել ո’չ նախագահական ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամը, ո’չ բացահայտել եւ հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին եւ ով է տվել ցուցարարների վրա կրակելու հրամանը... եւ ո’չ էլ ազատ են արձակվել այն մարդիկ, ովքեր, մեր դիտարկումներով, միանգամայն անմեղ կարգավիճակում ազատազրկված են եւ շարունակում են պահվել այդպիսի անթույլատրելի պայմաններում», - ասաց Սաֆարյանը` հավելելով. - «Եթե այս տեմպերով շարունակվի, եթե կառավարման որակը չփոխվի, եթե շրջադարձ տեղի չունենա, ապա, անշուշտ, այս ամեն ինչը բերելու է նոր լարվածության` արտահերթ ընտրությունների պահանջով, որովհետեւ հասարակությունը, այնուամենայնիվ, ցանկանում է ունենալ իր խնդիրներին արագ արձագանքող, իր խնդիրները օրինականության շրջանակներում լուծող իշխանություն»:

Արտախորհրդարանական ընդդիմությունից Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով եւս` անցած երեք ամիսների ընթացքում «որեւէ քայլ քաղաքական ու բարոյահոգեբանական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ չի կատարվել»:

«Առ այսօր այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառած, հրազեն օգտագործած անձինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Առ այսօր մարդիկ շարունակում են տուժել իրենց քաղաքական հայացքների համար, քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում: Այս հարցերը կարելի էր լուծել, եւ այս հարցերի լուծումը իրապես կբերեր լարվածության թուլացմանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG