Մատչելիության հղումներ

Աբխազիան մերժել է Շտայնմայերի ծրագիրը


Աբխազիան մերժել է խաղաղության ծրագիրը, որը վրաց - աբխազական հակամարտությունը կարգավորելու նպատակով առաջարկել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշը այսօր Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո «անընդունելի» է որակել ծրագիրը: Նա հայտարարել է, թե մինչեւ բանակցություններ սկսելը Վրաստանը պետք է տարածաշրջանից դուրս բերի իր զորքերը, իսկ Աբխազիայի կարգավիճակի հարցով քննարկումները բացառված են, քանի որ այն իրեն անկախ է համարում:

Վրաստանը եւս արդեն մերժել է ծրագրի առանցքային դրույթները, որոնցով նախատեսվում է վրաց փախստականների վերադարձ Աբխազիա, տարածաշրջանի տնտեսության վերականգնման ծրագրերի իրականացում եւ Աբխազիայի ապագա կարգավիճակի հստակեցում:

Երեկ Թբիլիսիում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «որեւէ լուծման մասին խոսելը շատ, շատ դժվար կլինի», քանի դեռ Աբխազիան Ռուսաստանի օգնությամբ շարունակում է «ամենօրյա ռազմականացման» գործընթացը:

Այսօր ավելի ուշ Շտայնմայերը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG