Մատչելիության հղումներ

logo-print

Շիրակի մարզում 4636 ընտանիք դեռեւս անօթեւան են


Շիրակի մարզում այսօր կա 4636 ընտանիք, որոնք անօթեւան են մնացել 1988-ի երկրաշարժի հետեւանքով: Դրանցից 4080-ը` Գյումրիում:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ առաջիկա երեք տարիներին այդ ընտանիքների համար կկառուցվի 3000 բնակարան: Մարզպետը վստահեցրեց, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածներին բնակարանների հատկացումը կսկսվի 2009-2010 թվականներին:

Մարզպետը, սակայն, հավելեց. - «Մենք չենք կարող ասել, որ 2012 թվականին լրիվ կմաքրենք եւ կկարողանանք ձերբազատվել այդ բնակարային հարցի խնդրից»:

Խոսելով մարզի ճանապարհների վիճակի մասին` Նանյանը ասաց. - «Միջհամայնքային ճանապարհները համայնքների իրավասության տակ են, որպեսզի համայնքները իրենք իրականացնեն դրանց վերանորոգումը եւ պահպանումը... Համայնքներն էլ, ինչպես գիտեք, այդքան գումարներ չունեն, որպեսզի կարողանան այդպիսի ծավալուն աշխատանքներ իրականացնեն: Բայց դա պարբերաբար կներառվի նաեւ պետական ծրագրերում: Եթե հնարավորություն լինում է, ապա պարտադիր կարգով անանցանելի ճանապարհները դարձնում ենք անցանելի: Բայց, որ ասենք այդպիսի վերանորոգում ենք իրականացնելու, գիտեք, որ չենք կարող իրականացնել»:

Պատասխանելով հարցին, թե փոխհատուցվելո՞ւ է արդյոք մարզի մի քանի գյուղերի բնակիչների կրած վնասը օրերս տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկտի հետեւանքով, մարզպետը ասաց. - «Չկա, որ օրենքով փոխհատուցվի: Գյուղացին պետք է ապահովագրեր իր բերքը ըստ օրենքի... Թե չէ պետությունը հո չի՞ կարող փոխհատուցել յուրաքանչյուր տարերային աղետի հետեւանքով ստացված վնասը»:

Լիդա Նանյանը գերադասում է մարզում տեղադրել եւս 10 հակակարկտային կայան, քան փոխհատուցել գյուղացու կրած վնասը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG