Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«2008-ի նախագահական ընտրություններն անցան այնպես, ինչպես սովորաբար անցնում են Հայաստանում՝ կեղծիքներով, ծեծուջարդով, քրեական տարրերի մոբիլիզացիայով: Ահա այս պայմաններում Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ եւ 100 օր առաջ ստանձնեց իր պարտականությունները», - պատմում է «Առավոտ»-ը` անդրադառնալով արված եւ չարված գործերին: - «Ինչը նա կարող էր անել, բայց չարեց 100 օրվա ընթացքում՝ դա բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր եւ ժողովրդի դեմ ուժ կիրառածներին, նախեւառաջ՝ մարդասպաններին պատժելը: Պատճառաբանությունները, թե դա պետք է անեն դատախազությունը, Հատուկ քննչական խումբը եւ դատարանները՝ Հայաստանի պարագայում համոզիչ չեն… Այսքանով հանդերձ, այս 100 օրվա մեջ փորձենք տեսնել նաեւ դրականը: Օրինակ, քայլեր են կատարվել հարկային եւ մաքսային մարմինների, ոստիկանության աշխատանքը բարեփոխելու ուղղությամբ»: «Կա մի ոլորտ, որտեղ Սերժ Սարգսյանի մոտեցումը պետք է միանշանակորեն ողջունել՝ դա Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու նրա ձգտումն է», - ընդգծում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հայոց Աշխարհ»-ը, նշելով, թե «որքան էլ սա փոքր ժամանակահատված է խոսելու առաջիկա 5 տարիներին նախանշված ծրագրերի իրականացման մասին», ամփոփում է, թե այս ընթացքում «ինչ է արվել քաղաքական հարթության վրա, տնտեսական ոլորտում ինչ քայլեր են ձեռնարկվել` նախագահի նախընտրական խոստումների կատարմանն ընդառաջ»:

«Չորրորդ իշխանություն»-ը զուգահեռում է. - «Ի՞նչ էր խոստանում Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու դեպքում. կոռուպցիայի դեմ հետեւողական պայքար, կարգ ու կանոնի հաստատում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Իսկ ինչո՞վ է զբաղված Սերժ Սարգսյանը. 100 օր շարունակ նա ձեւացնում է, թե կետ առ կետ հենց այդ քայլերն էլ կատարում է»: «Կարող եք չկասկածել, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարած լիներ, թե հաղթելու դեպքում, ասենք, Շամշադինում բանանի պլանտացիաներ է հիմնելու, այսօր Սերժ Սարգսյանը օրումեջ Շամշադինում կլիներ, եւ «Հայլուր»-ի տեսախցիկների առջեւ ցնցուղով կջրեր բանանի դեկորատիվ տնկիները», - հեգնում է թերթը:

«Իրավունք»-ի մեկնաբանը իր լայնածավալ հոդվածի մեծ մասը նվիրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելուն, վերջում անդրադառնում է նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվան. - «Կարող ենք արձանագրել, որ ժամանակին Հանրապետական կուսակցության առաջնորդը իզուր տեղը չէր, որ ստանձնել էր Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Նա իրոք կարողացավ խաղարկել այնպիսի շախմատային պարտիա, որ դուրս եկավ բավականին դժվարին մեկնարկային իրավիճակից եւ կարողացավ գրավել համեմատաբար շահեկան դիրքեր: Մեկնարկային պահին նա թերեւս չուներ կադրային նշանակումներ անելու ազատության բավարար աստիճան եւ, զորօրինակ, Արմեն Գեւորգյանի նշանակումը կոմպրոմիսային լուծումների դասական օրինակ էր: Փաստորեն այն ժամանակ իշխանական բուրգը հագեցած էր Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած մի քանի հազար կադրերով, որոնցից ազատվելը բավականին դժվար էր: Բավականին պայթյունավտանգ էր նաեւ օլիգարխների մենաշնորհային արտոնություններին դիպչելը: Ցանկացած ոչ ճիշտ հաշվարկված քայլ կարող էր բերել նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված նարնջագույններին կարող էին ավելանալ լրացուցիչ ապակայունացնող գործոններ` դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներով: Սակայն 100 օրվա ընթացքում ՀՀ նախագահին հաջողվեց բավականին էականորեն փոփոխել իրավիճակը»: «Ռեսուրսներ ունենալով հանդերձ եւ բավականին ճշգրիտ հաշվարկելով սեփական քայլերը, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը այս առաջին 100 օրը քաղաքականապես գործնականում գտնվում էր մենության մեջ», - ամփոփում է «Իրավունք»-ը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի գնահատմամբ, Հայաստանի երրորդ հանրապետության նախագահներից Սերժ Սարգսյանին բաժին է ընկել պաշտոնավարման թերեւս ամենածանր մեկնարկը` հասարակության հոգեբանական վիճակի առումով: Հետեւաբար, Սերժ Սարգսյանի համար հետընտրական բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, լարվածությունը թուլացնելու առումով յուրահատուկ արտակարգ իրավիճակ է ստեղծված, երբ նախագահը պարտավոր է ավելի մեծացնել հասարակության վստահության գործոնը: Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում հնարավոր չէ հարթել բոլոր կնճիռները, լուծել բոլոր հարցերը եւ ընդհանրապես ինչ էլ արվի, հնարավոր չէ բավարարել բոլորի պահանջները»:

«Հայոց Աշխարհ»-ը «Ժամանակակից մարդիկ մանր են» վերնագրի ներքո գրում է. - «Այսօր լրանում է Պերճ Զեյթունցյանի 70 տարին։ Ի՞նչ նոր մտահղացումներ ունի վարպետը, առաջիկայում հնարավո՞ր է նոր գործեր տպագրի։ «Մի ժամանակակից պիեսի մասին էի մտածում, որ կոչվում է «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»։ Աբսուրդ է։ Մարդը զանգահարում է իր տուն, պատասխանում են՝ «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»։ Գալիս է տուն եւ տեսնում է իսկապես իրենց շենքը չկա, շքամուտքը չկա, ոչինչ չկա։ Եվ սկսվում են փնտրտուքները։ Ուզում եմ ցույց տալ, թե մարդը ոնց է կորչում, մարդը ոնց է անէանում։ Այնպես որ չկարծեք, թե «ԱրմենՏելի» քննադատությունն եմ անելու։ Եվ նաեւ մի պատմական վեպ եմ ուզում սկսել։ Պատմական իրականությունը ինձ գրավում է, այնտեղ կրքերը մեծ են, հզոր անհատականություններ են, բախումները ուժգին են։ Ժամանակակից գործերում այդպես չէ, քանի որ մարդիկ մանր են», - այսպես է պատասխանել նա «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցին։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG