Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանը, ով մեղադրվում է ֆ?ինանսական մեքենայությունների մեջ, Մոսկվայի քաղաքային դատարանի այսօրվա վճռով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

«Ինտեր?ֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` իր վերջին խոսքում ամբաստանյալը վերստին իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատարանին խնդրել է արդարացման վճիռ կայացնել:

Գործով անցնող մյուս երկու ամբաստանյալները՝ Ռուսաստանի հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը եւ Իգոր Առուշանովը, ով Չախմախչյանի փեսան է, դատապարտվել են, համապատասխանաբար, 8 եւ 7 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է, որ բոլոր մեղադրյալները պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում:

Դատավորը նշել է, որ ազատազրկման ժամկետը սկսվում է կալանքի տակ հայտնվելու առաջին օրվանից:

«Մեզ այնպես են դատել, կարծես մենք ոչ թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ենք, այլ վերջին ահաբեկիչները», - դատավճռի ընթերցումից առաջ հայտարարել է նախկին սենատորը:

Հետաքննության արդյունքների համաձայն, Չախմախչյանը «Տրանսաերո» ավիաընկերությունից «մեկեւկես միլիոն դոլար է պահանջել իբրեւ թե առկա ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Գումարի մեծ մասը պետք է փոխանցվեր կեղծ ընկերությունների հաշվեհամարներին, իսկ 300 հազարը նախատեսվում էր որպես կաշառք տալ գլխավոր դատախազության աշխատակցին»:

Ավիաընկերությունը Հաշվիչ պալատին եւ իրավապահներին հայտնել է Չախմախչյանի ծրագրած հանցագործության մասին: Չախմախչյանը, Առուշանովը եւ Հովհաննիսյանը ձերբակալվել են կանխիկ գումարը ստանալու պահին:

2006 թվականի հունիսի 8-ին Դաշնության խորհուրդը Չախմախչյանին զրկել է սենատորի մանդատից: 2007 թվականի փետրվարի 1-ին դատարանը Չախմախչյանի կալանքի սանկցիա է տվել:

Լեւոն Չախմախչյանի փաստաբան Վալենտինա Սիզովան ասել է, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է, եւ պնդել է, որ «գործում չկան ամբաստանյալների մեղավորությունը հաստատող փաստեր»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG