Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջարկվում է տեղակայել Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում


Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համար առաջարկվում է վարձակալել տարածք Երեւանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքում:

Կառավարությունը այսօր ընդունած որոշմամբ հանձնարարել է պետական գույքի կառավարման վարչության պետին` ֆինանսների նախարարի եւ Երեւանի քաղաքապետի հետ համատեղ, միջոցներ ձեռնարկել նախկին նախագահին անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու ուղղությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջարկվել է «Էրեբունի-Պլազա» ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկից 374.1 քառակուսի մետր վերանորոգված տարածքը եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պաշտոնաթող նախագահին:

«Էրեբունի-Պլազա» ընկերության հետ ձեռք բերված համաձայնությամբ` վարձակալության տարեկան վճարը կկազմի 2 միլիոն դրամ, որում ներառված են նաեւ ավտոկայանատեղերի, կոմունալ հարմարությունների եւ կոմունիկացիաների վճարները:

Համաձայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկության` գրասենյակային տարածքը կահավորելու նպատակով անհրաժեշտ է 17661.4 հազար դրամ, որը կտրամադրվի 2008 թվականի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:

Հայաստանի երկրորդ նախագահին թոշակով, բնակարանով եւ գրասենյակով ապահովելու մասին որոշումը կառավարությունը ընդունել էր մայիսի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG