Մատչելիության հղումներ

Գերմանիայում ծնվել են երկվորյակներ, որոնցից մեկը սեւամորթ է, մյուսը` սպիտակամորթ


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, անցած շաբաթ Բեռլինում տեղի ունեցել մի դեպք, որի հավանականությունը, ըստ մասնագետների, մեկը միլիոնի է. հիվանդանոցում ծնվել են երկվորյակ տղաներ, որոնցից մեկը սեւամորթ է, մյուսը` սպիտակամորթ:

Երեխաների հայրը՝ 40-ամյա Շտեֆանը, գերմանացի է, ռոք երաժիշտ: Մայրը՝ 35-ամյա Ֆլորենսը, ծագումով Գանայից է: Նրանք տասը տարի առաջ են ծանոթացել: Ֆլորենսն առաջին ամուսնությունից ունի 18-ամյա որդի:

Երեխաները ծնվել են կեսարյան վիրահատության օգնությամբ:

«Ռայանն առաջինն է ծնվել, ամեն ինչ նորմալ էր, բայց երբ հայտնվեց Լեոն, ես չէի կարողանում աչքերիս հավատալ», - պատմել է վիրահատությունն իրականացրած բժիշկ Բիրգիտ Վեբերը եւ հավելել, թե 20 տարվա ընթացքում ներկա է եղել շուրջ 10 հազար ծննդաբերությունների եւ երբեւէ նման դեպք չէր տեսել:

2 կիլոգրամ 650 գրամ քաշ ունեցող Ռայանը բացարձակ սպիտակամորթ երեխա է, իսկ 2 կիլոգրամ 606 գրամ քաշ ունեցող Լեոն սեւամորթ է:

«Ռայանը շատ աղմկոտ է, Լեոն հանգիստ երեխա է, ես շատ երջանիկ եմ», - ասել է Ֆլորենսը եւ հավելել. - «Երբ առաջին անգամ տեսա նորածիններիս մաշկի գույնը՝ բառիս բուն իմաստով պապանձվեցի»:

DPA-ի փոխանցմամբ, մասնագետներն ասում են, թե նմանօրինակ դեպք է գրանցվել անցյալ տարի Անգլիայում՝ Միդլսբորո քաղաքի ծննդատանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG