Մատչելիության հղումներ

logo-print
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծրագրում է իբրեւ միջնորդ հանդես գալ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործում եւ այսօր սկսում է իր այցը տարածաշրջան:

Ինչպես հաղորդել է Գերմանիայի արտգործնախարարությունը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Թբիլիսի եւ Սուխումի, կլինի նաեւ Մոսկվայում:

Շտայնմայերի առաջին կանգառը Թբիլիսին կլինի: Վրաստանի մայրաքաղաքից նա կմեկնի Սուխումի, այնուհետեւ` Մոսկվա:

Ծրագրված են Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումները Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Աբխազիայի չճանաչված հանրապետության ղեկավար Սերգեյ Բաղապշի, ինչպես նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Lավրովի հետ:

Վրաստանը պնդում է, որ սահմանային կրակահերթերն ու Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի ունեցած պայթյունները Ռուսաստանի ձեռքի գործն են, իսկ ռուսական կողմը այդ գործողությունները հրահրելու մեջ մեղադրում է վրացիներին, մեկնաբանելով դա չճանաչված հանրապետություն զորք մտցնելու պատրվակ ունենալու` Վրաստանի ցանկությամբ:

Երբ հայտնի դարձավ, որ Գերմանիայի արտգործնախարարը Վրաստան է մեկնում, լրատվամիջոցներում անմիջապես մեկնաբանություններ հայտնվեցին: Մասնավորապես, ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն գրեց. - «Եվրոպայում մտահոգված են. Աբխազիայի հետ պատերազմը կարող է իրականություն դառնալ: Իրավիճակը ավելի սրվեց նրանով, որ ժամանակին Ռուսաստանը աբխազներին ռուսական անձնագրեր բաժանեց: Այդ փաստն արդեն պարտավորեցնելու է ռուսներին հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել իր քաղաքացիներին»:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG