Մատչելիության հղումներ

Սեւամորթ նախագահ ունենալու գաղափարը ընդունելի է ամերիկացիների երկու երրորդի համար


Սեւամորթ նախագահ ունենալու գաղափարը ընդունելի է ամերիկացիների երկու երրորդի համար: Այդ են վկայում «Նյու Յորք թայմս» թերթի եւ CBS հեռուստաընկերության` հուլիսի կեսերին անցկացրած համատեղ հարցման արդյունքները:

Հետազոտության համաձայն` սեւամորթ ամերիկացիների 65 տոկոսն է համարում, որ Ամերիկան պատրաստ է աֆրոամերիկացի նախագահ ունենալ, այն դեպքում, երբ նույն ցուցանիշը եվրոպական ու լատինամերիկյան ծագման ամերիկացիների շրջանում մոտ 70 տոկոս է:

Այս օրերին հրապարակված մեկ այլ հարցման համաձայն էլ, որի պատվիրատուներն են «Վաշինգտոն փոստ» թերթն ու ABC հեռուստաալիքը, ընտրարշավի միանձնյա առաջատարը դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման է: Նույն հարցման արդյունքներով` ամերիկացիների 50 տոկոսը նոյեմբերին անցկացվելիք ընտրություններին պատրաստվում է քվեարկել Բարաք Օբամայի, 42 տոկոսը` հանրապետական Ջոն ՄըքՔեյնի օգտին:

Ամերիկացի վերլուծաբանները պնդում են, որ նախընտրական բանավեճերի գլխավոր թեման լինելու է Իրաքում ստեղծված կացությունը: Այս առումով, սակայն, ըստ սոցիոլոգների, Օբամայի դիրքերն ավելի խոցելի են: Ամերիկացիների միայն 45 տոկոսն է համոզված, որ Բարաք Օբաման բավարար փորձառություն ունի` իրաքյան հիմնախնդրի լուծումը գտնելու համար: Նախկին ռազմական օդաչու Ջոն ՄըքՔեյնի նկատմամբ այս հարցում վստահությունն ավելի մեծ է` մոտ 47 տոկոս:

Իրաքի թեմայով հեռակա բանավեճը Օբամայի եւ ՄըքՔեյնի միջեւ օրեր առաջ արդեն իսկ մեկնարկել է:

«Ջորջ Բուշն ու Ջոն ՄըքՔեյնը Իրաքում հաջողության հասնելու ռազմավարություն չունեն: Նրանց ռազմավարութունը միտված է Իրաքում ամերիկյան ներկայությունը պահպանելուն», - պնդում է Օբաման:

ՄըքՔեյնը, ով համոզված է, որ ապագայում ամերիկյան զորքերը չպետք է դուրս բերվեն Իրաքից, հակադարձում է. - «Թե’ ես եւ թե’ սենատոր Օբաման համակարծիք ենք, որ ամերիկյան քաղաքականությունն Իրաքում ձախողվել է: Բայց մեր տարաձայնությունը հիմնարար բնույթի է` մենք տրամագծորեն հակառակ պատկերացում ունենք, թե 2009 թվականից ինչ ռազմավարություն եւ քաղաքական ինչ ուղեգիծ պետք է ընտրվի Իրաքում»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG