Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոնդոլիզա Ռայսի հետ: Մեզ պաշտոնապես տեղյակ են պահում, որ «Նալբանդյանը բարձր գնահատեց», «Նալբանդյանը վերահաստատեց», «Նալբանդյանը հույս հայտնեց» եւ այլն: Իսկ ի՞նչ ասաց ԱՄՆ Պետքարտուղարը: Արդյոք նա խոսե՞ց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, խաղաղ ցուցարարների հանդեպ բռնությունների, քաղբանտարկյալների մասին: Պաշտոնական լուրերից դա հնարավոր չէ իմանալ` չնայած ենթադրելի է, որ այդ թեմաները ամերիկացի պաշտոնյան, այնուամենայնիվ, շոշափել է»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Պատերազմը, որ հայտարարել են լեւոնականները բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն, շարունակվում է։ Եվ հնարավորինս շուտ ավարտելու հավանականությունը մեծ չէ։ Մեղավոր են դրանում «խաղաղարարները»՝ հանձին Եվրախորհրդի, որոնք պատժամիջոցների սպառնալիքի ներքո սառեցրել են հակամարտությունը։ Եվրոպական ո՞ր երկրում թույլ կտային մեկնումեկին չորսուկես ամիս շարունակ օկուպացնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, ինչպես դա արվում է Հյուսիսային պողոտայում»։

«Հայկական ժամանակ»-ի վերլուծությամբ` «ստեղծված ներքաղաքական իրավիճակում գործող իշխանության համար փրկության խիստ տեսական տարբերակներից մեկը, այսպես կոչված, «երրորդ բեւեռի» ստեղծումն է»: «Այսինքն` մի այնպիսի քաղաքական միավորի, որն իբր թե ընդդիմություն է, սակայն իրականում ջլատելու է միակ ընդդիմության ուժերը եւ գործող վարչախմբի համար հանգիստ գոյատեւում ապահովի», - գրում է թերթը` հավելելով. - «Սակայն սա, մեղմ, շատ մեղմ ասած, ընդամենը տեսական տարբերակ է: Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ այդ բեւեռի ստեղծումը, այն արդեն վաղուց պետք է ստեղծված լիներ: Հիմա արդեն ուշ է»: Թե ինչո՞ւ այդ բեւեռը չստեղծվեց` «Հայկական ժամանակ»-ը պարզաբանում է. - «Չնայած այդպիսի բեւեռ ստեղծելու Սերժ Սարգսյանի մեծ ցանկությանը, այդ իդեան ի սկզբանե դատապարտված էր անհաջողության: Օբյեկտիվ պատճառն այն է, որ այդ բեւեռը ստեղծելու գործն իրենց վրա են ուզում վերցնել, ըստ էության, հիմնահատակ վարկաբեկված «գործիչներ», երիտասարդության լեզվով ասած` «հոգնած» կերպարներ»:

Անդրադառնալով նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի 100-օրյա ժամանակահատվածին` «Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Եթե հարց տանք` այդ ժամանակահատվածում կա՞ն արդյոք խոշոր բացթողումներ կամ նվաճումներ, ապա կարելի է արձանագրել, որ մեծ սխալներ չեն եղել, իսկ ձեռքբերումները ավելին են»: Մի շարք դրական գործոններ նշելով` թերթը շարունակում է. - «Միաժամանակ դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչ կկանխատեսի Սարգսյանը: Նրա մտադրությունները դեռ պարզ չեն: Ի՞նչն է նրա համար կարեւոր. պետականության մեխանիզմի կատարելագործո՞ւմը, թե՞ սեփական իշխանության ամրապնդումը»: «Ի՞նչ է ուզում ժողովուրդը»` իր բարձրացրած հարցին թերթը պատասխանում է. - «Ակնհայտ է, որ ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ եւ կայունություն` հույս ունենալով, որ արդարությունը կ•երիշխի: Երկիրը նաեւ համընդհանուր փոխադարձ վստահության կարիք ունի: Երկրում բարոյական եւ արդարության նոր մթնոլորտ ստեղծելու նախաձեռնողը այսօր կարող է լինել միայն մեկ մարդ` նախագահ Սերժ Սարգսյանը: Առկա հնարավորությունների շրջանակներում նա պետք է իր վրա վերցնի պարտավորություններ, որոնք համապատասխանում են ժողովրդի ակնկալիքներին»:

«Առավոտ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի պատgամավոր, Հանրապետական կուսակցության մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովն ասում է. - «Հանրապետականը երբեք անձերի դեմ չի պայքարել, մենք պայքարել ենք հանունի համար եւ վատ երեւույթների դեմ: Եվ եթե այդ վատ երեւույթի կրողը այս կամ այն անձն է, առաջին նախագահը, երկրորդը եւ այլն, բնականաբար, մենք դրա մասին պետք է խոսենք եւ քննադատենք: Թող տպավորություն չստեղծվի, թե մենք գիշերը չենք քնում եւ մտածում ենք՝ ինչպես պատասխանենք Տեր-Պետրոսյանին: Բոլորովին: Մենք ունենք ժողովրդի վստահության քվեն եւ պետք է կատարենք հասարակությանը տված մեր խոստումները»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հրանտ Խաչատրյանը ժամանակին ողջունում էր Քոչարյանի իրականացրած պետական հեղաշրջումը, իսկ երեկ ստորագրեց նրան Հաագայի դատարանին հանձնելու պահանջի տակ: Ընդամենը 6-7 ամիս առաջ Քոչարյանի արեւով երդվող հանրապետականները այսօր դեռ այդ պահանջի տակ չեն ստորագրում, բայց մեկ էլ տեսար վաղը ստորագրեցին: Հետեւաբար, չարժե հարկ եղածից ավելի մեծ եռանդով պաշտպանել Սերժ Սարգսյանին. ինչ իմանաս, թե վաղը-մյուս օրը ինչ փաստաթղթի տակ կստորագրես»:

«Հրապարակ»-ի հարցադրումները. - «Ինչպե՞ս կարող է մարդու անձը հարգվել, երբ ինչ-որ լղպոր արարածներ ցանկացած պահի կարող են մտնել քո խանութ եւ նալոգ պահանջել: Ինչպե՞ս կարող է մարդու անձը հարգվել, երբ բազմահարկ շենքի նկուղը լցված կոյուղաջրերի դեմ պայքարը կարող է դառնալ անլուծելի խնդիր` անգամ դատական կարգով հարցի դրական լուծումից հետո, եւ ձգվել 6 ամիս: Ինչպե՞ս կարող է մարդը բարեկեցիկ եւ ապահով զգալ իրեն, երբ զրկված է ցանկացած երկիր մեկնելու իրավունքից, իսկ մեկնելու թույլտվություն ստանալը վերածվում է տաժանակիր եւ նվաստացումերով լի մի պրոցեդուրայի: Եվ վերջապես, ինչպե՞ս կարող ես քեզ նորմալ մարդ, երկրագնդի քաղաքացի եւ միջազգային հանրության մասնիկ զգալ, երբ այդ հանրությունը քեզ հիշում է միայն սաստելու, պատժամիջոցներ կիրառելու եւ քո գործունեությունը ստուգող վերահսկողներ ուղարկելու ժամանակ»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, մեծ հաշվով «կոռուպցիան սանձահարելու լուրջ փորձեր մեզանում երբեք չեն ձեռնարկվել». - «Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դիտարկվել է պայքարի որոշակի աշխուժացում, բայց հետո ամեն ինչ ինքնաբերաբար հանդարտվել է։ Մասամբ դա տեղի էր ունենում այն պատճառով, որ քայլեր արվում էին հակառակ հերթականությամբ. սկզբում ազդարարում էին կոռուպցիայի դեմ պայքար, իսկ հետո սկսում մտածել, թե ինչպես պայքարեն»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժամանակ Երեւան» թերթի հարցազրույցում ասում է. - «Վարչախումբը չի բավարարվում նրանով, որ կուսակցության նախագահին հինգ ամիս ապօրինի պահում են պատանդի կարգավիճակում, կուսակցության ակտիվիստների մի մասը ստիպված ընդհատակում է: Իսկ հիմա արդեն նախաձեռնել են կուսակցության կենտրոնական գրասենյակը զավթելու գործընթացը»:

«Հայք»-ը գրում է. - «Հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանը իր ամուսնու` ոստիկանության ոչ պակաս հանրահայտ աշխատակից Արման Հարությունյանի համար գնել է նոր ավտոմեքենա: «Պորշ» մակնիշի վերջին մոդելի ավտոմեքենան, մեր աղբյուրների պնդմամբ, Շուշանի վրա նստել է 120-130 հազար եվրո»: Դա, ըստ թերթի, այդքան էլ թանկ չէ` «եթե հաշվի առնենք, որ ավտոմեքենայի գույնը «սերժ-մետալիկ» է, մեքենան ունի Ա-Բե-Էս, ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ համակարգեր, սրահում թաքցված է մետաղաձող` 55 սմ երկարությամբ, երեք դուբինկա, անվտանգության համակարգը` փշալարերով եւ էլեկտրաշոկով, շարժիչը` համաժողովրդական, բռունցքաձեւ, վառելիքի ծախսը` 20 լիտր շշալցված բենզին, լուսարձակները` «տրասսիրույուշչի»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG