Մատչելիության հղումներ

logo-print

«Եկատերինբուրգում 90 տարի առաջ սպանվածները ցարի զավակներն էին»


Եկատերինբուրգում հայտնաբերված դիակների մնացորդների գենետիկական ստուգման արդյունքները թույլ են տալիս պնդել, որ 90 տարի առաջ սպանվածները Նիկոլայ երկրորդ ցարի զավակներն էին՝ արքայազն Ալեքսեյն ու մեծ իշխանուհի Մարիան: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեն:

«Գենետիկական երեք համակարգերով անցկացված հետազոտության գիտական տվայլները հիմնականում հաստատում են այն վարկածը, որ հայտնաբերված մնացորդները Ալեքսեյի եւ Մարիայի աճյուններն են», - ասված է քննչական կոմիտեից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն այսօր փոխանցված պաշտոնական հաղորդագրությունում:

«Իտերֆաքս»-ը նշում է, որ ըստ քննիչների` այս գործում վերջնական եզրակացության համար դեռ հարկ է շարունակել ԴՆԹ-ի ստուգումները: Գենետիկական ստուգումներն անցկացրել են 12 տարբեր գիտական կենտրոններ:

Պատմագիտական փորձաքննությունը հաստատում է այն վարկածը, որ Եկատերինբուրգի մոտակայքում Ստարայա Կոպտյակովսկայա շրջանի ճանապարհին 2007 թվականի հուլիսի 29-ին ցարի ընտանիքի երկու անդամների աճյուններն են հայտնաբերվել: Ստուգումները կատարել են ռուսաստանցի եւ օտարերկրացի մասնագետները:

Կմախքների նախնական անատոմիական-մորֆոլոգիական ստուգումները վկայում են, որ հայտնաբերվածը 12-14 տարեկան տղայի եւ 16-18 տարեկան աղջկա ոսկորներ են:

Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Էդուարդ Ռոսելի փոխանցմամբ` ԱՄՆ-ում կատարված ստուգումների արդյունքները հաստատում են, որ սպանվածները արքայազն Ալեքսեյն ու արքայադուստր Մարիան են:

Ռուսական կայսրության վերջին ցարին՝ Նիկոլայ երկրորդին եւ նրա ընտանիքի անդամներին բոլշեւիկները գնդակահարել են 1918 թվականի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը:

1991 թվականին հայտնաբերել են գնդակահարված մարդկանց հրկիզված եւ վնասված աճյուններ, ինչի կապակցությամբ Սվերդլովսկ քաղաքի (հետագայում վերանվանված Եկատերինբուրգ) դատախազությունը հարուցել է քրեական գործ «բռնի մահվան հատկանիշներով»:

1993 եւ 1997 թվականներին Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ապացուցվել է, որ հայտնաբերվածները ցարի եւ նրա ընտանիքի անդամների աճյուններն են: Քրեական գործը փակվել է: Միաժամանակ, քննիչները նշել են, որ հայտնաբերվածների մեջ Ալեքսեյի եւ Մարիայի աճյունները չեն եղել, ինչից եզրակացություն է արվել, որ ցարի զավակներին այլ տեղ են թաղել:

Աճյունների հուղարկավորությունը տեղի է ունեցել 1998 թվականին Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովսկի ամրոցի համալիրում, որտեղ հանգչում են ռուսական ցարերի եւ նրանց ազգականների աճյունները:

«Երկար ժամանակ մենք լռության ենք մատնել այս հրեշավոր հանցագործությունը: Բայց պետք է ասել, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած սպանդը մեր պատմության ամենաամոթալի էջերից է: Հողին հանձնելով այս անմեղ զոհերի աճյունները, մենք ցանկանում ենք քավել մեր նախնիների մեղքերը: Մեղավոր են ե’ւ նրանք, ովքեր գործել են այս ոճրագործությունը, ե’ւ նրանք, ովքեր լռել են այդ մասին», - 1998 թվականին հուղակավորության արարողության ժամանակ ասել էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը:

Պատմաբանները պնդում են, որ Նիկոլայ երկրորդին եւ նրա ընտանիքի անդամներին գնդակահարելու կարգադրությունն անձամբ արձակել է բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ, խորհրդային պետության առաջին ղեկավար Վլադիմիր Ուլյանով-Լենինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG