Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի նախագահական ընտրություններին կհետեւեն 500 միջազգային դիտորդներ


ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի ղեկավար, դեսպան Խոսե Lուիս Խերերո Անսոլան հայտնել է, որ հոկտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններին կհետեւեն 500 միջազգային դիտորդներ:

ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ օգոստոսի վերջին Ադրբեջան կժամանեն կազմակերպության 30 երկարաժամկետ, իսկ հոկտեմբերին` 450 կարճաժամկետ դիտորդներ:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակած զեկույցում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` մեծացնելու համար ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընդգծում է, որ չնայած Ադրբեջանի ընտրական օրենսգրքում կատարված լրացումներին եւ փոփոխություններին, այն դեռեւս մի շարք թերություններ ունի: Իբրեւ օրինակ` մատնանշված է այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավի ժամկետը նախկին 60 օրվա փոխարեն 28 օր է դարձել, ինչը կարող է սահմանափակել կուսակցությունների եւ թեկնածուների` ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը:

Զեկույցում ասված է, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը չի կատարում օրենքով իրեն վերապահված պարտավորությունները եւ թեկնածուների համար արտահայտվելու հավասար պայմաններ չի ստեղծում:

Փաստաթղթում նաեւ մտահոգություն կա քաղաքացիների` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքների սահմանափակման վերաբերյալ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG